Զարգացած համայնք, հզոր պետություն. Խոյ համայնքի ղեկավարը խոսել է կատարված և ընթացիկ աշխատանքների մասին

ՀՀ Արմավիրի Խոյ համայնքը մշտապես տարբերվել է համայնքում իրականացվող պետական սուբվենցիոն ծրագրերի իրականացման ծավալներով և մասշտաբներով, այսօր իրականացվող աշխատանքներից շատերը գտնվում են ավարտական փուլում։ Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանի առաջին համայնքային այցը սկսվեց Խոյ համայնքից։ Մարզպետը համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այցելեց համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ընթացիկ ծրագրերի շինաշխատանքներին։

Այցի ընթացքում մարզպետը շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկեց նախագծային լուծումները՝ կարևորելով աշխատանքների որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը։

Tvnews.am-ի զրուցակիցն է Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը։

-Հարգելի պարոն Յայլոյան, կխնդրեմ ներկայացնեք Ձեր պաշտոնավարման ընթացքում Խոյ համայնքում իրականացված ծրագրերը, ի՞նչ փուլում են դրանք այսօր գտնվում։

— Իմ պաշտոնավարման ընթացքում Խոյ համայնքում իրականացվում եմ լայնամասշտաբ մի շարք ծրագրեր։ Հիմնական շեշտը դրված է նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման վրա, որոնցից մեկի՝ Հայթաղի մանկապարտեզի բացումը շուտով կլինի։ Ընթացքի մեջ են Աղավնատան մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Նշեմ, որ համայնքի ևս երկու բնակավայրերում՝ Ծաղկունք և Հովտամեջ բնակավայրերում կառավարության կողմից իրականացվում են նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքներ։
Խոյ համայնքի բնակավայրերում ընթանում են նաև գազաֆիկացման ծրագրեր։ Այս պահին գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում Դաշտ բնակավայրում, հաջորդիվ սկսելու ենք Հայթաղ բնակավայրի գազաֆիկացման աշխատանքները։ Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, ապա պետք է նշել, որ ավարտական փուլում են Արշալույս բնակավայրի երկու փողոցների, դպրոց տանող ճանապարհի ու 19-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Հովտամեջ բնակավայրում ընթանում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքի միջոցներով։
Իրականացրել ենք նաև ոռոգման ծրագրեր, համայնքի բոլոր 17 բնակավայրերում տեղադրվել են զրուցարաններ։

— Կարո՞ղ ենք ասել, որ 2025 թ.–ը արդյունավետ տարի է եղել Խոյ համայնքի համար։

-2025 թ.-ը մեկնարկել ենք բավականին ակտիվ շինարարական աշխատանքներով, այն նույն տեմպով շարունակվում է։ Բյուջեն մոտավորապես մեկ մլրդ 600 միլիոնի է հասել։ Դրանք եղել են և՛ համաֆինանսավորմամբ, և՛ պետություն-համայնք համագործակցային ձևաչափով ներդրված սուբվենցիոն ծրագրերով, որը բարձր է գնահատվում մեր կողմից։
Հարկ է ընդգծել, որ խոշորացումից հետո մեր համայնքներում զգալիորեն փոփոխություններ են իրականացվել ոչ միայն 2025 թ.–ին, այլև վերջին 3–ից 4 տարվա ընթացքում։

-Առաջիկայում Վաղարշապատի ընտրություններն են։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացման գաղափարին, որքանո՞վ է դա նպաստում համայնքների համաչափ զարգացմանը։

— Նախ նշեմ, որ ես 2018 թ.–ին ընտրվել եմ Մոնթեավան համայնքի ղեկավար։ Նախկինում այն փոքր բնակավայր է եղել։ Պաշտոնավարման ընթացքում հասցրել ենք որոշակիորեն լուծել բնակավայրի գազաֆիկացման հարցը։ Համայնքների խոշորացումը ցույց է տվել, որ ֆինանսական միջոցները մեկտեղելով՝ ավելի մեծ և մասշտաբային ծրագրեր կարող ենք իրականացնել թե՛ կառավարության հետ, թե՛ համայնքային ֆինանսական ներգրավվածությամբ։

— Պարոն Յայլոյան խոսենք համայնքապետարան-մարզպետարան-կառավարություն կապի մասին։

— Մենք բոլորս, գրեթե ամեն օր կապի մեջ ենք, իսկ աշխատանքների ինտենսիվ վերահսկողությունը ոչ միայն մարզպետարանի կողմից է իրականացվում, այլև այլ ՏԿԵ նախարարության։ Բոլոր կառույցների հետ աշխատում ենք ի բարօրություն մեր բնակիչների։

Այսօր նորանշանակ մարզպետի առաջին համայնքային այցն էր Խոյ համայնք։ Այցելել ենք 4 օբյեկտ, որոնցից 3–ը իրականացվում են սուբվենցիոն ծրագրով, մեկը՝ պետական։

Այցի առաջին կանգառն Աղավնատուն բնակավայրն էր, որտեղ իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ։ Մանկապարտեզը 2000 քմ է, նախատեսված է 180 սանի համար։ Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 360,193,377 ՀՀ դրամ, որի 70%-ը տրամադրում է կառավարությունը, իսկ 30%-ը՝ համայնքը։

Հաջորդ կանգառը Ծաղկունք բնակավայրն էր, որտեղ ընթացքի մեջ են նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները՝ 100 սանի համար, ընդհանուր 440,000,000 ՀՀ դրամ արժեքով։ Աշխատանքներն իրականացվում են ՀՏԶՀ-ի ծրագրով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Հաջորդ կանգառը Մրգաստան բնակավայրն էր, որտեղ կատարվում է եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգման, սալարկման աշխատանքներ։ Այս ծրագիրը ևս իրականացվում է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,538,170 ՀՀ դրամ՝ 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։

Աշխատանքային այցի վերջին կանգառը Դաշտ բնակավայրն էր, որտեղ ընթանում են Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազաֆիկացման աշխատանքները, որոնք նույնպես իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 43,171,825 ՀՀ դրամ, որի 45%-ը տրամադրում է կառավարությունը, իսկ 55%-ը՝ համայնքը։

— Խոսենք համայնքի ղեկավար-բնակիչ կապի մասին։ Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։

-Հիմնականում առաջնորդվում եմ արդարության սկզբունքով։ Մենք յուրաքանչյուր բնակչի հետ ուղիղ կապ ունենք ոչ միայն քաղաքացիների ընդունելության օրը, այլև գրեթե ամեն օր։ Ամեն օր հաղորդակից ենք լինում բնակիչների բարձրաձայնած հարցերին։ Այն հարցերը, որոնք մենք կարող ենք արագ լուծել, լուծում են ստանում, մնացած հարցերցերը՝ ըստ հրատապության։

— Ո՞րն եք համարում Ձեր աշխատանքի հաջողության գաղտնիքը։

— Յուրաքանչյուր մարդու հաջողության գաղտնիքը պարտաճանաչությունն է, եթե պարտաճանաչություն կա, կա նաև փոխադարձ հարգանք կա, իսկ հարգանքի մեջ ամփոփված է սերը, փոխվստահությունը և այլն։

-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում։

— Զարգացած համայնք, հզոր պետություն․ սա է իմ կարգախոսը։ Պետության դիմագիծը նաև զարգացող, համայնքն է։ Գյուղական բնակավայրից շատ բան է կախված համայնքում։ Կցանկանայի, որ առաջին հերթին զարգանային մեր գյուղական բնակավայրերը, որպեսզի դրան զուգահեռ զարգանա նաև մեր պետությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930