AMAA-ը եւ FAST-ը իրականացնում են երկու նշանակալի նախաձեռնություններ, որոնք ուղղված են աշակերտների տեխնոլոգիական կրթությանը եւ մասնագիտական կողմնորոշմանը։
Դրանցից մեկը Կարիերայի կողմնորոշման ճամբարն էր, որ տեղի ունեցավ օգոստոսի 23-31-ը, երկու հերթափոխով, Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի AMAA-ի «Շողիկ» ճամբարում:
Ճամբարի նպատակն էր ավագ դպրոցի աշակերտներին ներկայացնել ժամանակակից, մաթեմատիկապես հիմնավորված մասնագիտություններ՝ բարձր տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտում։ Ճամբարային օրերին դպրոցականները մասնակցեցին մասնագիտական տոնավաճառների, թիմային եւ ճանաչողական միջոցառումների, սեմինարների՝ ոլորտի փորձագետների հետ։
Մյուս համագործակցությունը «ԱԲ սերունդ» («Արհեստական բանականության սերունդ») կրթական ծրագրի շրջանակում է, որը մշակել է FAST-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ ոլորտային կառույցների հետ համատեղ։ Այս բազմաշերտ կրթական ծրագիրը նպատակ ունի ձեւավորել արհեստական բանականության ոլորտում հետազոտողի եւ նորարարի ամբողջական կրթական ուղի։
Ծրագիրը ներկայումս ներդրված է հանրապետության մի շարք ավագ դպրոցներում, այդ թվում՝ «Ավետիսյան» դպրոցում, որտեղ ավագ դպրոցի սովորողները հնարավորություն ունեն երեք տարվա ընթացքում անվճար եւ որպես ուսումնական ծրագրի լիարժեք մաս, սովորել Python եւ ԱԲ-ի հիմունքներ, խորացնել մաթեմատիկական գիտելիքները կիրառական մեթոդներով, իրականացնել սեփական նախագծեր, զարգացնել փափուկ հմտություններ, անցնել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, այցելել ոլորտային կառույցներ եւ շփվել մասնագետների հետ, ինչպես նաեւ կուտակել կրեդիտներ՝ հետագայում փոխճանաչելի բուհերում։
Այս նորարարական ծրագիրը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ աշխարհի ամենաարագ զարգացող եւ բարձր պահանջարկ ունեցող ոլորտներից մեկին՝ ԱԲ-ին։
Փորձի ու նորարարության համադրումը
Հայաշխարհում գործող երկարամյա, վստահություն վայելող կազմակերպությունների համագործակցությունն առայսօր մեծ դեր է խաղացել տարբեր ոլորտների զարգացման մեջ։ Սակայն վերջին տարիներին ակնառու է մի նոր միտում՝ այդ կազմակերպությունները սկսել են գործընկերություն հաստատել նորաստեղծ, նորարար մտածողությամբ կառույցների հետ։ Այսպիսի ձեւաչափը թույլ է տալիս համադրել փորձը՝ նոր մոտեցումների, ժամանակակից գործիքակազմի եւ տեխնոլոգիական մտածողության հետ։
AMAA-ի (Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի) եւ FAST հիմնադրամի համագործակցությունն այդպիսի մի օրինակ է, երբ կրթական ու մարդակենտրոն գործունեության հարուստ փորձը միավորվում է նորարարության խթանման եւ գիտության զարգացման արդի տեսլականի հետ։
AMAA-ն ունի ամուր կապ տեղական համայնքների, դպրոցների, ծնողների ու երեխաների հետ, որը տարիների ընթացքում ամրապնդվել է վստահությամբ։ Մյուս կողմից՝ FAST-ը ձեւավորում է ապագայի հայացք ունեցող ծրագրեր՝ հիմնված արհեստական բանականության, մաթեմատիկայի ու տեխնոլոգիաների վրա։
Այս համագործակցության հիմքում մի հստակ նպատակի գիտակցում է՝ ներդրում կատարել այն սերնդի կրթության մեջ, որը պետք է ձեւավորի Հայաստանի ապագան։ Երբ տեխնոլոգիական ոլորտը դառնում է հասանելի ոչ միայն բուհերի, այլ նաեւ դպրոցականների համար, իսկ մասնագիտական կողմնորոշումը սկսում է պատանեկան տարիքից, այդտեղ ձեւավորվում է զարգացման հիմնավոր ճանապարհ։
Այսօր կարեւոր է ոչ միայն կրթություն տալ, այլ կրթել այնպես, որ այն լինի կիրառելի, ժամանակակից եւ կողմնորոշված դեպի վաղվա օրակարգը։ FAST-ի ու AMAA-ի համատեղ ուժերով ստեղծվում է մի միջավայր, որտեղ կրթությունը պարտականություն չէ, այլ հետաքրքիր եւ նպատակային ուղի՝ դեպի ստեղծարար, ինքնավստահ եւ գիտելիքով զինված սերունդ։