Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է մեզ «հիասթափեցնել»՝ չառաջադրելով իր թեկնածությունը ընտրություններում, այդ դեպքում մենք խնդրի առաջ կկանգնենք։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա հավելել է, որ երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ամեն ինչ կանի «մեզ օգուտ բերելու» համար՝ մինչև ընտրարշավի վերջին օրը։ Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանն ավելի շատ մարդկանց կարող է փողոց դուրս բերել, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ երրորդ նախագահի գլխավորած ուժն ավելի համակարգված է։ «Միևնույն ժամանակ, նրանք երկուսն էլ չեն կարող մեզ հետ վիճաբանության մեջ մտնել, նրանք քաղաքական նշանակություն չեն ներկայացնում և երբեք էլ չեն ներկայացրել», — ընդգծել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանի ( «Հայրենիք» խմբակցության ղեկավար – խմբ.) նման քաղաքական գործիչ չի եղել, չկա և երբեք չի լինի։ «Նա իմ կողմից, իմ մեղքով հորինված կերպար է։ Այո՛, մենք լավ ընկերներ էինք, բայց նա ապացուցեց, որ ես շատ եմ սխալվել։ Լավ կլիներ, որ նրանք, ովքեր կարծում են, որ նա իրենց ընկերն է, վերանայեին իրենց մոտեցումները։ Ես նրա մասին կարող եմ այնպիսի բաներ պատմել, որ նրան ոչ ոք նույնիսկ չի բարևի։ Մեր համար ամենամեծ մարտահրավերը կատարվածը ներկայացնելն է և քաղաքացիներին համոզելը, որ քվեարկեն մեր օգտին»,- նշել է խորհրդարանի խոսնակը։
Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ իշխանությունները ցույցեր անցկացնելու կարիք չունեն։ «Մենք գիտենք, որ վայելում ենք ժողովրդի աջակցությունը։ Մենք անհանգստանալու բան չունենք, հատկապես օգոստոսի 8-ից հետո։ Ղարաբաղյան պատերազմը, 2020 թվականը բոլորի սխալն է, այդ թվում՝ իմ և ձեր։ Բայց հարցը այն է, թե արդյոք մենք եզրակացություններ անո՞ւմ ենք և առաջ շարժվում։ Մենք ընտրեցինք առաջ գնալու տարբերակը։ Եթե նրանք (ընդդիմությունը – խմբ.) խոսում են բանակցողների փոփոխության անհրաժեշտության մասին, ապա այդ խորամանկ բանակցողները 30 տարի շարունակ բանակցություններ են վարել և այդ ընթացքում ամեն տարի ավելի շատ մարդ է զոհվել, քան 2020 թվականից հետո»,- պարզաբանել է նա։
Խորհրդարանի խոսնակը վստահեցրել է, որ բանակում ժամկետային ծառայության ժամկետը կրճատելու մտադրությունը նախընտրական հնարք չէ։ «Դա արդարացված է, մենք խոսում ենք այլ մակարդակի և այլ որակի բանակի մասին։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք, որ հակամարտող կողմերը գրեթե դեմ առ դեմ չեն բախվել»,- ընդգծել է նա։
Ալեն Սիմոնյանը նաև մեկնաբանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ «Լուրջ չեմ համարում որևէ պատգամավորի ստուգելը, քանի որ դրա իրավունքը չունեմ և աշխատանքի այդ ոճը ճիշտ չեմ համարում»,- հայտարարել է նա՝ պատասխանելով Հովհաննիսյանին թմրանյութերի գործածման առնչությամբ թեստավորելու Թովմասյանի կոչին։
Նա վստահեցրել է, որ վատ է վերաբերվում միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքին, այդ թվում՝ երբ դա տեղի է ունենում իր կողմից և հաճախ քննադատում է ինքն իրեն։ Նրա խոսքով՝ խորհրդարանը միակ վայրն է, որտեղ իշխանությունները և արմատական տրամադրված ընդդիմությունը հանդիպում են միմյանց հետ, այդ պատճառով այս դեպքում մտքերի և զգացմունքների բախումներ չեն կարող չլինել։
Խորհրդարանի խոսնակը հավելել է, որ Թագուհի Թովմասյանը չի կարող որևէ բան հանձնարարել իշխող կուսակցության խմբակցության որևէ անդամի՝ կոչ անելով նրան զբաղվել իր խմբակցության անդամներով, նրանց ադեկվատության հարցերով, այդ թվում՝ խմբակցության ղեկավարի հոգեկան առողջությամբ, որը «նրան բերել է խորհրդարան»։ «Սա ավելի օգտակար գործ կլինի նաև ընդդիմություն ձևավորելու տեսանկյունից»,- եզրակացրել է նա։