Չեխիան հայտարարել է բելառուսական հետախուզական ցանցի բացահայտման մասին

Չեխիայի Անվտանգության և տեղեկատվության ծառայությունը (BIS) սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ Ռումինիայի և Հունգարիայի հատուկ ծառայությունների հետ միասին «ջախջախել է բելառուսական հետախուզական ցանցը», որը Եվրոպայում ստեղծել էր Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ):

Չեխական հատուկ ծառայությունը հայտնել է, որ եվրոպացի հետախույզները բացահայտել են ՊԱԿ-ի աշխատակիցներին և օգնականներին, որոնք գործում էին եվրոպական մի քանի երկրներում։ Օգնականների թվում է եղել Մոլդովայի Տեղեկատվության և անվտանգության ծառայության (ՏԱԾ) նախկին փոխղեկավարը։

Մոլդովայի քաղաքացուն մեղադրել են 2024 և 2025 թվականներին Բուդապեշտում ՊԱԿ-ի աշխատակիցների հետ երկու անգամ հանդիպելու մեջ, ինչը սպառնալիք է ստեղծել Ռումինիայի ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտնել է «Եվրոյուստ»-ը՝ քրեական արդարադատության ոլորտում Եվրամիության համագործակցության գործակալությունը։ Քննության վարկածով՝ հանդիպումների ընթացքում Մոլդովայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը գումարի դիմաց գաղտնի տեղեկություններ է հանձնել և հետագա հրահանգներ ստացել։

Կասկածյալը ձերբակալվել է Ռումինիայում սեպտեմբերի 8-ին։ «Եվրոյուստ»-ը չի հայտնել ձերբակալվածի անունը։ Ռումինական G4media պարբերականի տեղեկություններով՝ դա Ալեքսանդր Բելանն է, ով 2016 թվականից զբաղեցրել է Մոլդովայի Տեղեկատվական անվտանգության համակարգի փոխղեկավարի պաշտոնը։

Միևնույն ժամանակ, Չեխիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ բելառուս դիվանագետին պերսոնա նոն գրատա է ճանաչել։ Նրան կասկածել են դիվանագիտական քողի ներքո լրտեսական գործունեությամբ զբաղվելու մեջ։ Նրան 72 ժամ է տրվել Չեխիան լքելու համար։ Դիվանագետի անունը չի հրապարակվում։

Չեխիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել Շենգենյան գոտու տարածքում Ռուսաստանի և Բելառուսի հավատարմագրված դիվանագետների տեղաշարժը։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան այս հայտարարության՝ նշել է, որ նման կոչերը դիտարկում է «որպես բացահայտ առճակատման քայլ», որին կհաջորդեն «ռուսական կողմի անխուսափելի պատասխան քայլերը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930