Հայաստանի Հարապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ այցելել է Վարդենիս համայնքի Կուտական բնակավայր, որտեղ տրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» ֆրանսիական կազմակերպության կողմից մարզի սահմանամերձ և սահմանին մոտ՝ 0-10 կմ հեռավորության վրա տեղակայված բնակավայրերում իրականացվող առաջին օգնության դասընթացների մեկնարկը։
Դասընթացները նախատեսվում է անցկացնել մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը՝ մարզում նման կարգավիճակ ունեցող 30 բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր բնակավայրում անցկացվող երկօրյա դասընթացների ընթացքում տեղի բնակիչները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, իսկ ավարտին յուրաքանչյուր մասնակից կապահովվի առաջին օգնության պարագաների անհատական տուփով։
«Առաջին օգնության պարագաների մեծ տուփեր էլ կտրամադրվի տվյալ բնակավայրի դպրոցին, համայնքապետարանին և բուժկետին։
Դեսպանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է սահմանային բնակավայրերին ցուցաբերվող աջակցությունը և եթե Ֆրանսիական կողմը իրականացնում է նման ծրագեր, ուրեմն բարձր է գնահատում կողմերի միջև առկա համագործակցության մակարդակը։
Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շատ ընդգրկուն է․ սկսած ֆրանսերեն լեզվի ուսուցումից, զբոսաշրջության զարգացումից մինչև առողջապահական հիմնարկների վերանորոգում, սարքավորումներով վերազինում։
Բարի ընթացք եմ մաղթում այս ծրագրին և հարկ եմ համարում նշել, որ հայ ժողովուրդը ֆրանսիական կողմի հետ ունի խորը և բարեկամական ամուր հիմքեր։ Ֆրանսիան մեր կողքին էր նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը։