Հայաստանյան իրականությունից կտրված «Տաշիր Սամոն» և իր անասելիք ուղերձները:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի ուղերձին:
«ԱԱԾ մեկուսարանում գտնվող Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել, որում ոչինչ չի ասում, մի քանի պարբերություն տեքստ է գրված, բայց հենց փորձում ես բովանդակության մեջ մտնել բախվում ես պատի: Միանգամից սկսում է աշխատանք և բարեկեցություն խոստանալով բոլորին, հետո էլ մեղադրում իշխանությանը, որ հայ տղամարդիկ գյուղերում կամ քաղաքներում ստիպված նարդի են խաղում իրենց զբաղեցնելով:
Սա իրականությունից կտրված մարդու պատկերացում է…
«Տաշիր Սամոն» չի պատկերացնում, որ մարդը կարող է դուրս գալ հարևանի կամ ընկերոջ հետ նարդի, շաշկի, շախմատ խաղալ ու դա ժամանցի միջոց է: Բոլորը չէ, որ ունեն հնարավորություն իրենց ժամանցը միլիոնավոր դոլարներ ծախսելու միջոցով անցկացնել տարբեր երկրներում, զբոսանավերի վրա, (ձեզ ծանոթ ժամանցի տարբերակ է ինչ խոսք) գերշքեղ առևտրի կենտրոններում գնումներ կատարելով:
Բայց մարդիկ կարող են իրենց թույլ տալ հասարակ շփման միջոցով երջանիկ զգալ, այ հենց սա չի պատկերացնում իրականությունից կտրված գործարարը, որ մարդը կարող է նաև առանց միլիարդներ ծախսելու, առանց շահույթ ստանալու պարզապես անշահախնդիր գործողություն անել: Չնայած, եթե անգամ իրեն աջակցող և հաճախ նաև իմ գրառումների տակ մեկնաբանություն գրողներն են ակնհայտ ծառայություն մատուցող ֆեյքեր, ապա ինչպե՞ս նա կհասկանա հասարակ քաղաքացու կարծիքն ու պատկերացումները…
Ինչևէ, նորից շարունակում է իրենց ուժի ավանդական հեքիաթները, թե ունեն կոնկրետ լուծումներ ապահովելու ժողովրդի բարեկեցությունը: Ու ինչպե՞ս է նա պատկերացնում, ասում է արտահանման համեմատ 4 մլրդ դոլարի ավելի շատ ապրանք է Հայաստանը ներմուծում և երկրում առկա է մեծ պոտենցիալ արտադրությունների կառուցման:
Հարգելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այս մտքերը լավ են հնչում, բայց եկեք մի պահ վերհիշենք, թե ի՞նչ է Հայաստանը ներմուծում, որ Կարապետյանը շրջաններում դրա շահավետ արտադրությունն է ցանկանում կառուցել: Ավտոմեքենա, հանքահումքային արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր (հիմնականում վերամշակման համար), տարբեր սարքավորումներ: Նաև սնունդ, մանածագործական իրեր: Հայկական արտադրության հագուստ վաղուց կա, բայց մենք չունենք օրինակ այնպիսի հումքային բազա և մատչելի աշխատուժ՝ ինչպես օրինակ՝ Հնդկաստանը կամ Բանգլադեշը, որ մեծ քանակի հագուստի արտադրություն ունենանք: Ինչ վերաբերում է սննդին, Կարապետյանն ասում է մեր գյուղմթերքը լավ հումք կարող է լինել սննդի արդյունաբերության համար, բայց տեղյակ չէ, որ կառավարությունը տարբեր աջակցության միջոցներով հենց դա էլ իրականություն է դարձնում: Օրինակ՝ օրեր առաջ աջակցություն տրամադրեց տոմատի մածուկ արտադրողներին, որպեսզի գյուղացիների լոլիկն ամբողջությամբ մթերվի: Այս մարդիկ իրոք չեն հետևում մեր երկրում կատարվող իրադարձություններին:
Հետո խոստանում է՝ «Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզորություններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցության ծրագրերով, այլ ոչ թե «փայ մտնել», կամ փորձել «խլել»»:
Սամվել Կարապետյանը երևում է տասնյակ տարիներ տեղյակ չի եղել, թե Հայաստանում ով էր խլում կամ էլ լսել ու լռել է, հիմա եկել խլելուց ու փայ մտնելուց է խոսում: Գոնե մի քանի խոշոր արտադրություն դուք հիմնեք, հետո նոր «ներդրողներ» բերեք այ ՀԷՑ-ի հույսին մնացած գործարարներ:
Կարող է հարց առաջանալ, այդ դեպքում ինչո՞ւ եմ հաճախ արձագանքում այս մարդկանց, պատճառը մեկն է, որ մեր քաղաքացիները տեղում տարբերեն սուտն իրականությունից»,- գրել է Մանավազյանը: