Աֆղանստանի արևելքում 6.1 մագնիտուդով հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեյսմոլոգները ավելի ուշ մագնիտուդը նվազեցրել են մինչև 5.6։
Ցնցումները տեղի են ունեցել 200,000 բնակչություն ունեցող Ջալալաբադ քաղաքից 41 կիլոմետր և Պակիստանի Փեշավար քաղաքից 109 կիլոմետր հեռավորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Աֆղանստանի արևելքում տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ։ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադից 50 կիլոմետր հեռավորության վրա և տասը կիլոմետր խորության վրա։ Հետևել է հինգ հետցնցում։ Ցնցումները զգացվել են Քաբուլից մինչև Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ։
Ամենաշատը տուժել է Կունար նահանգը, երկրաշարժը ազդել է նաև Նանգարհար, Լագման, Նուրիստան և Փանջշիր նահանգների վրա։ Այն ավերել է բազմաթիվ գյուղեր և ծանրաբեռնել Աֆղանստանի փխրուն առողջապահական համակարգը, որն արդեն թուլացել էր տարիների հակամարտության, աղքատության և բնական աղետների պատճառով։
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 2200-ը, ավելի քան 3100 մարդ վիրավորվել է, ավելի քան ութ հազար տուն՝ ավերվել։