2026-ի հունվարի 1-ից ալկոհոլի և ծխախոտի շարժի մասին տեղեկատվությունը կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում

Կառավարությունում քննարկվեց ինվոյսներում կամ հաշվարկային փաստաթղթերում QR-ների կամ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության արտացոլման մասին որոշման նախագիծը, որը ենթադրում է, որ ցանկացած տնտեսվարող, երբ հաշիվ է դուրս գրում մեկ այլ կազմակերպության, այդ շարժի ընթացքում տեղեկատվության փոխանցում է ենթադրվում, որը հնարավորություն կտա ՊԵԿ-ին հետևել այդ ապրանքների ընթացքին: Խոսքը հատկապես վերաբերում է երկու ապրանքախմբերին՝ ալկոհոլին և ծխախոտին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«2026-ի հունվարի 1-ից այս որոշումով առաջարկվում է, որպեսզի հաստատենք, որ տնտեսվարողներն այդ տեղեկատվությունն արտացոլեն հաշվարկային փաստաթղթերում:

Ինչո՞ւ այս երկու խմբերը. որովհետև դրանց մասով հսկիչ նշանների համակարգի գործարկումը սկսել է 2023 թվականից, այդտեղ երևի թե այդ համակարգն ավելի կայացած է, իրենք ավելի պատրաստ են, նաև իրենց հոսքագծերն ավելի հարմարեցված են, արտադրական հնարավորություններն ավելի հարմարեցված են, և փաստացի փորձում ենք այդ համակարգը կայացնել այս երկու խումբ ապրանքների համար՝ հետագայում տարածելով մյուս ապրանքների վրա»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը նաև պարզաբանեց, թե ինչ տարբերակով է տեղի ունենալու տեղեկատվության փոխանցումը: Ըստ նրա՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ժամանակ երկու փաստաթուղթ կա, առաջինը ինվոյսինգովն է, հսկիչ նշանները հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցովը, իսկ երկրորդ տարբերակը բջջային տարբերակն է, երբ հսկիչ նշանները սկանավորվում են և կցվում փաստաթղթերին:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ծրագրային ապահովումը պատրաստ է, թեստավորման փուլում է, և մինչև հունվարի 1-ը տնտեսվորղները կկարողանան օգտագործել և հարմարվել նոր համակարգին: Հունվարի 1-ից այս երկու ապրանքախմբերի համար համակարգն ամբողջությամն կգործարկվի:

Սա հնարավորություն կտա, ըստ ՊԵԿ նախագահի, ապրանքի շարժը տեսնել, այն է՝ արտադրողի՞, ներմուծողի՞, մատակարարողի՞, գնորդի՞ մոտ է, թե՞ այլ շղթաներում:

«Այստեղ մի կարևոր կարգավորում էլ ենք անում, որովհետև կլինեն դեպքեր, որ երբ, օրինակ, հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվում և գնում է ինչ-որ կազմակերպություն, այդ կազմակերպությունը կարող է այդ ապրանքն օգտագործել սեփական կարիքների համար: Դրա ծրագրային ապահովումն էլ ունենք. ընդունողը կարող է նշել, որ այդ ապրանքը վերջնական սպառման համար է, այսինքն՝ իր մոտ է այդ ապրանքի վերջնական սպառումը լինելու»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ ՊԵԿ-ը հաճախ չի տեսնում՝ ապրանքը որ շղթայում է սպառվել: Ալկոհոլը, օրինակ, ռեստորաններում, բառերում մաս-մաս են վաճառում, սուպերմարկետում պանիրը մաս-մաս է վաճառվում, և խնդիր կա, որ այդ փուլերում ևս ՊԵԿ-ը տեղեկատվություն ստանա, և տեղեկատվություն ստանալու ճանապարհը բջջային հավելվածն է: Ըստ այդմ՝ մինչև ապրանքն օգտագործելը թույլ կտրվի սուբյեկտին բջջային հավելվածի միջոցով որոշել՝ որ փուլում է ապրանքը սկանավորվելու և ուղարկվելու ՊԵԿ:

Մյուս փոփոխությունն այն է, որ սեպտեմբերի մեկից օրենքն ուժի մեջ մտավ, որով մեղմվել են տուգանքները, մասնավորապես՝ նախկինում տուգանքը ՊԵԿ-ին տեղեկատվություն չփոխանցելը նույնականացման միջոցների մասին հավասարեցված էր ՀԴՄ տուգանքների չափին, որը, ըստ ՊԵԿ նախագահի, մեծ էր:

«Այս ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ունեցել այդ մասով և ընդառաջ ենք գնացել բողոքներին: Օրենքն ընդունված է, և հիմա կարիք կա Կառավարության միջոցով օրենքը հանելու, որպեսզի կարողանանք իրավական համակարգերով տուգանքների համակարգը գործարկված ունենալ»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930