Ավելի լավ է կառավարությունը հանրությանը ներկայացնի, թե սահմանները բացելու դեպքում կլինի թուրքական ապրանքների էքսպանսիա՞, թե՞ հայկական ապրանքների արտահանում Թուրքիա կամ Ադրբեջան, դրանից Հայաստանը կշահի՞, որքան կշահի և որ ճյուղերով հատկապես, ինչի հաշվին, թե՞ կտուժի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
«Այդ հաշվարկներով պետք է զբաղվել, թե չէ ասել, որ այսքան բեռնատար գնաց, այսքանը եկավ… դրանք պետական բեռնատարներ չեն, մասնավոր ընկերությունների, մասնավոր բիզնեսների ներկայացուցիչներ են։ Դրանով պետք է զբաղվի մեկ այլ կառույց կամ անձնավորություն կամ վիճակագրությունը կարող է լավագույն դեպքում դրա մասին տեղեկություններ տալ։
Սա ինձ համար զարմանալի չէ, եթե կառավարության ղեկավարի մակարդակով այնպիսի մանրուքներ են քննարկվում կառավարության նիստում, որը քաղաքացու մոտ ծիծաղ է առաջացնում, բնականաբար մենք արդեն դադարել ենք զարմանալ։
Մինդեռ ամեն մի կառույց պետք է զբաղվի իր գործով։ Եթե չգիտեն ինչպես զբաղվել, մենք կարող ենք հուշել, օգնել, անվճար կարող ենք դա անել մեր երկրի համար, բայց կարծում եմ, որ գիտունիկներին դա պետք չի, որովհետև իրենք ամեն ինչ գիտեն»,– ասաց տնտեսագետը։