«Իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ Հայաստանի վզին». Սամվել Շահրամանյան

Դժվար է ելույթ ունենալ մի վայրում, որտեղ հուղարկավորված են անձինք, որոնք իրենց կյանքն են զոհաբերել, հերոսացել են, հանուն նրան, որ մենք ունենանք Հայաստանի Հանրապետություն, ունենանք Արցախի Հանրապետություն, որպեսզի մենք կարողանանք այսօր նշել Արցախի Հանրապետության հռչակման օրը։ Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ ասաց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ։ Իրականությունը այն է, որ Արցախը համարվում է թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը։

Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք սրտի այսօր իրենց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։ Եվ հայտնվելով այս իրականության մեջ 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո, բազմաթիվ հանդիպումներ ունենալով մեր հայրենակիցների հետ, մենք եկել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտություն կա ունենալ այսպիսի հուշակոթող Եռաբլուրում, որը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, նվիրված կլինի պաշտպանության բանակի պահեստի պայթյունի հետևանքով մեր զոհված հայրենակիցներին, նվիրված կլինի Արցախում մնացյալ մեր շիրիմներին»,- ասաց Արցախի նախագահը։

Շնորհակալություն հայտնելով Արթուր Վանեցյանին՝ Շահրամանյանն ասաց. «Անհատական շնորհակալություն եմ ուզում հայտնել Կարեն Սարգսյանին, որը առաջին օրվանից մինչև այսօր սրտացավ և ուշադիր վերաբերմունք է ցուցաբերել այս հուշակոթողի կառուցման համար, ներդրել է իր անձնական միջոցները, որպեսզի այսօր մեր հայրենակիցները տեղ ունենան ծաղիկ խոնարհելու և խունկ վառելու։ Ես համոզված եմ, որ այս հուշակոթողը դառնալու է նոր սրբավայր, ոչ միայն արցախցիների համար, մենք շարունակելու ենք այս հուշակոթողում ավանդույթ դարձած մեր սովորությունները, մեր ավանդույթները, տոն և հիշատակի օրերին այցելելու հուշակոթող, ինչու չէ նաև այլ միջոցառումների ժամանակ, ինչպիսին է հարսանիքը։

Մենք անպայման մտքում պետք է պահենք հավաքական մեր վերադարձի հույսն ու հավատը և ես համոզված եմ որ մի օր դա իրականություն կդառնա»,– հայտարարեց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930