Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կինը՝ Պեն Լիյուանը, երկուշաբթի կեսօրին հրավիրել է 2025 թվականի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցող օտարերկրյա առաջնորդների կանանց շրջագայության Հայհե գետով, որը հոսում է Չինաստանի հյուսիսային Տյանցզին նավահանգստային քաղաքով, հաղորդում է «Սինհուա»-ն։
Պենը ջերմորեն ողջունել է հյուրերին՝ մեկ առ մեկ սեղմելով նրանց ձեռքերը, ապա միացել է նրանց խմբային լուսանկարին։ Նավահանգստում երեխաները ուրախ երգել են և ծածանել չինական և օտարերկրյա դրոշներ՝ ողջունելու համար։
Այնուհետև Պենը հյուրերին նավակով տարել է Հայհե գետի երկայնքով, որտեղ նրանք ծանոթացել են քաղաքի պատմությանը և զարգացմանը։
«Տյանցզինը քաղաք է, որը համատեղում է հարուստ պատմական ժառանգությունը ժամանակակից հմայքի հետ։ Հայհե գետը ականատես է եղել քաղաքի զարգացմանը, ինչպես նաև տարբեր մշակույթների փոխանակմանն ու փոխադարձ ուսուցմանը, նշել է Պեն Լիյուանը՝ հույս հայտնելով, որ բոլորը կանցկացնեն հաճելի և անմոռանալի ժամանակ։
Գետի երկու ափերին գտնվող տեսարաններով վայելելիս նրանք թեյ են խմել և լսել երկու երաժիշտների, որոնք մեղեդի էին նվագում չինական ավանդական եռալար գործիքի՝ սանսյանի վրա։ Բոլորը ոգևորությամբ բարձրացել են զբոսանավի տախտակամածը և խմբային լուսանկարվելու համար կեցվածք ընդունել։ Հյուրերը հիացմունք են հայտնել Չինաստանի ակնառու ավանդական մշակույթի նկատմամբ և բարձր են գնահատել Չինաստանի արդիականացման ուշագրավ նվաճումները», — գրել են չինական լրատվամիջոցները։
Հյուրերի թվում էին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Նեպալի վարչապետ Խաջի Պրասադ Շարմա Օլիի, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի կանայք, ինչպես նաև Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի դուստրը։