ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները և իր կատարյան բանակցային թիմին տուն է վերադրաձնում խորհրդակցությունների համար, հաղորդում է NBC News-ը։
Ըստ Ուիթքոֆի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վերջին արձագանքը «ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը»։
«Չնայած Միջնորդների ջանքերին, ՀԱՄԱՍ-ը, կարծես, չի համակարգում իր գործողությունները կամ չի գործում բարի կամքով։ Այժմ մենք կքննարկենք պատանդներին տուն վերադարձնելու այլընտրանքային տարբերակներ և կփորձենք ավելի կայուն պայմաններ ստեղծել Գազայի բնակիչների համար»,- նշել է ԱՄՆ հատուկ բանագնացը։
Նա նշել է, որ «ամոթալի է, որ ՀԱՄԱՍ-ը գործել է նման եսասիրական ձևով», և որ ԱՄՆ-ը «վճռական» է տրամադրված՝ Գազայում հակամարտության ավարտին հասնելու համար։
Ամիսներ շարունակ Թրամփի վարչակազմը չի կարողացել առաջընթացի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցություններում, քանի որ Գազայում իրավիճակը վատթարանում է։
Վերջերս տարածքում տեղի ունեցավ ավելի քան 21 ամիս տևած պատերազմի ընթացքում մարդասիրական օգնություն փնտրողների համար ամենամահաբեր օրը, երբ կիրակի օրը առնվազն 85 պաղեստինցի սպանվեց՝ փորձելով հասնել սննդամթերքի պաշարների։ Կողմերը շաբաթներ շարունակ բանակցություններ են վարել Կատարում՝ հայտնելով առաջընթացի փոքր նշանների, բայց ոչ էական առաջընթացի մասին։
Պաշտոնյաները նշել են, որ հիմնական խոչընդոտը հրադադարից հետո իսրայելական զորքերի վերատեղակայումն էր։
Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ևս հետ կանչեց իր երկրի բանակցային թիմին Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի արձագանքի լույսի ներքո։