Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիները և Հայաստանի իշխանությունները ցանկանում են փակել Լեռնային Ղարաբաղի էջը, մենք չպետք է հրաժարվենք ազատագրական պայքարից։ Այս մասին հուլիսի 15-ին՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական XII համահայկական հավաքի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։
Նրա խոսքով՝ արարողությունը տեղի է ունենում տարածաշրջանային և համաշխարհային բախումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կորստի ու Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմության, մասնավորապես՝ ՀՅԴ-ի վրա հարձակումների պայմաններում։
Նա հավելել է, որ չնայած այն բանին, որ մարդիկ փորձում են պառակտում մտցնել սփյուռքի և Հայաստանի միջև՝ այնուամենայնիվ անհրաժեշտ է ամրապնդել այդ կապը։
«Այս հավաքը միավորում է ՀՅԴ քաջարի երիտասարդությանը։ Չնայած ՀՅԴ երիտասարդական թևը որպես ահաբեկչական կազմակերպություն ներկայացնելու փորձերին՝ այն իր գաղափարներն իրականացնում է նորարարական մեթոդների ներդրման միջոցով։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հասարակության համախմբում։ Սա է կուտակված մարտահրավերները հաղթահարելու կարևոր պայմանը»,- ընդգծել է Տեր-Գևորգյանը։
Նա հայտնել է, որ հանրահավաքին մասնակցում է մոտ 400 երիտասարդ՝ 17 երկրներից։