ՌԴ շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը աճել է մինչև 85%․ «Սոյուզկոնյակ»

Ռուսաստանի շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%՝ 2025 թվականի մայիսի 80%-ի համեմատ։ Այս մասին ասվում է Կոնյակի, սպիրտային խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և Միջազգային կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ։

Ուսումնասիրության տվյալներով՝ հետազոտված հայկական կոնյակի նմուշների 85%-ը չի համապատասխանում կոնյակի և բրենդի համար նախատեսված պահանջներին, ինչպես նաև ռուսական օրենսդրությանը։ Բացի այդ, 50%-ի մեջ հայտնաբերվել է խաղողի ծագում չպարունակող սպիրտի օգտագործում, ինչպես նշում են փորձագետները, նման արտադրանքը չի կարող կոնյակ կոչվել։ Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ խախտումներով հայկական կոնյակների բաժինը 2024 թվականի օգոստոսին կազմել է 90%, իսկ 2025 թվականի մայիսին նվազել է մինչև 80%։ Այդ ամենը եղել է սահմանային վերահսկողության ուժեղացման շնորհիվ։

Անտիկոնտրֆակտի նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հավելել է, որ խնդիրը լուծելու նպատակով ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ։ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները խնդիրը գիտեն և մեզ տեղեկացնում են կոնկրետ լուծումների մասին։ Սակայն մենք արդյունքներ չենք տեսնում։ Ավելին, մեր տրամադրության տակ եղած տեղեկություններով աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակային արտադրանքի ծավալը, այնպես էլ դրա բաժինը մատակարարումների ընդհանուր քանակում»,- հայտարարել է նա։

Հետազոտության արդյունքների հիման վրա «Սոյուզկոնյակը» դիմումներ է ուղարկել Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայությանը, Դաշնային մաքսային ծառայությանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին: Կեղծարարության դեմ պայքարի բաժինն արդեն սկսել է համագործակցել վրաց-ռուսական ասոցիացիայի հետ: Ասոցիացիան վրացական կողմին է փոխանցել այն խմիչքները, որոնք Վրաստանի տարածքով ժամանել են Ռուսաստանի Դաշնություն: Այս տվյալներն արդեն օգնում են վրացական իշխանություններին ավելի արդյունավետորեն նույնականացնել պոտենցիալ վտանգավոր բեռները: Վրացական բիզնեսի նախաձեռնությամբ երկրում սկսվել են տարանցիկ բեռների ստուգումները:

Կոնյակի արտադրանքի որակի մոնիթորինգի շրջանակներում վերցվել և ուսումնասիրվել են տարբեր երկրների և տարբեր արտադրողների նմուշներ, այդ թվում՝ տարբեր ապրանքանիշերի 71 նմուշներ ութ խոշոր հայկական արտադրողներից, այդ թվում՝ «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արաքս» կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն գինու գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն թրեյդ» ՍՊԸ-ից, «Շահնազարյանի գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ից, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Սամկոն» ՍՊԸ-ից, «Հայաշի գրուպ» ՍՊԸ-ից: Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի դաշնային մանրածախ առևտրի ցանցերից և հետազոտության համար փոխանցվել են գարեջրագործության, գազավորված ըմպելիքների և գինու արդյունաբերության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտին (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ.Մ. Գորբատովի անվան սննդի համակարգերի դաշնային գիտական կենտրոնի մասնաճյուղ):

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031