Ես այդ ձայնագրությունները չեմ լսել, չգիտեմ՝ իրականությո՞ւն է, թե՞ արհեստական ինտելեկտի սարքածն է. Ռուբեն Մելիքյան

Ես ծանոթ չեմ ՔԿ–ի տարածած ձայնագրություններին, ժամանակ չի եղել ծանոթանալու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով այդ ձայնագրություններից արված մեջբերումներին։

Մասնավորապես, այնտեղ ասում են. «երկու հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի էլ դնում ես բանտը, պրծավ, գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ փոխհատուցում ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։ Հետո խոսվում է նաև մի քանի հարյուր հոգանոց խմբեր ձևավորելու, գործողություններ անելու մասին, և այնտեղ լսվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը։

«Ես ձեզ հավատացնում եմ, որ օրական ես տասնյակ անգամներ եմ լսում խոսակցություններ մոտավորապես նույն բովանդակությամբ, որովհետև մարդիկ քաղաքական առումով իրենց փակուղու մեջ են պատկերացնում։ Ես կողմ չեմ որևէ բռնությանը, և ես չգիտեմ այդ ինչ խոսակցություն է, ով է ասել, ասվել է,թե չի ասվել։

Մեզ ձայնագրություններ չեն ներկայացվել, ես ուղղակի չէի էլ հասցնի լսել, որովհետև քննչական գործողությունների էի։ հիմա դուք ինչ-որ մեջբերում եք անում, ես ոչ կոնտեքստը գիտեմ, ոչ գիտեմ ով է ասել, ինչ է ասել, բայց ես ասում եմ, որ ես շատ հաճախ եմ լսում նման խոսակցություններ, որ քանի որ իշխանությունները անընդհատ դիմում են ապօրինությունների, ուրեմն միգուցե ճիշտ ճանապարհը ավելի բռնի գործողություններն են։ Թող քաղաքացիներն ասեն՝ այդ խոսակցությունները կարելի՞ է դիտել որպես պլանավորում»,– ընդգծեց Մելիքյանը։

Հարցին՝ արդյոք տարբեր չեն կոնտեքստները, երբ որեւէ բան է հայտարարում վրդովված քաղաքացին եւ քաղաքական պրոցեսների մեջ գտնվող անձը, հայտարարում է, որ օրինակի համար պետք է ռումբ գցել սրա վրա,սպանել մարդկանց, փաստաբանն ասաց. «Մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Քննչական կոմիտեն իր համար ձեռնտու ձևաչափով հրապարակել է որոշակի ձայնագրություններ։ Ես ոչ դրանք լսել եմ, ոչ էլ տեսել եմ, ես չգիտեմ դա իրականությանը համապատասխանում է, թե օրինակ արհեստական ինտելեկտի սարքածն է։ Ես չգիտեմ դա Բագրատ Սրբազանն է, թե որևէ ուրիշ քաղաքացի։ Հիմա դուք ինձ հարց եք տալիս, ելնելով այն կանխավարկածից, որ դա այո, իսկապես ասվել է Սրբազանի կողմից, իսկապես ասվել է ինչ-որ գործողություններ ենթադրաբար պլանավորելու համատեքստում։ Ես չեմ կարող այդպիսի հետևության գալ»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031