Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Ռուանդան պատրաստվում են խաղաղության համաձայնագիր ստորագրել եւ վերջ դնել երեք տասնամյակ տեւող սահմանային հակամարտությանը, տեղեկացրել է Euronews-ը:
ԱՄՆ միջնորդությամբ մշակված նախնական տեքստն արդեն համաձայնեցված է, որի ստորագրման արարողությունը սպասվում է Վաշինգտոնում հունիսի 27-ին:
Համաձայնագիրը նախատեսում է հրադադար, խմբավորումների աստիճանական զինաթափում, զինյալների վերինտեգրում եւ փախստականների վերադարձ։
Երկու երկրների սահմանին հակամարտությունն իրականում շարունակվում է մի քանի տասնամյակ. 1990-ականների երկրորդ կեսին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության պատճառով հազարավոր մարդիկ փախան Կոնգո։ Դրա պատճառով երկրի արեւելքում ձեւավորվել են մի քանի տասնյակ զինված խմբավորումներ, որոնք հակամարտության մեջ են մտել ինչպես Կոնգոյի կառավարության, այնպես էլ միմյանց հետ՝ փորձելով բնական պաշարների՝ ոսկու, պղնձի, կոբալտի եւ լիթիումի հասանելիություն ստանալ։
Կոնգոն մեղադրում է Ռուանդային այդ հանքավայրերի վերահսկողությունը ստանձնելու փորձի, նման ամենամեծ խմբավորումներից մեկին աջակցելու եւ այնտեղ ռուանդացի զինվորներ պահելու մեջ։ Ռուանդան կտրականապես հերքում է դա։ Երկրները բազմիցս փորձել են կարգավորել իրավիճակը, սակայն մինչ օրս հաջողության չեն հասել։