Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումը եւ հայտարարել ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին, նշվել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության համատեղ հայտարարությունում։
«Այս կապակցությամբ (նկատի ունենալով հակաիրանական բանաձեւի ընդունումը) Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տվել է անհրաժեշտ հրահանգներ անվտանգ վայրում նոր հարստացման կենտրոն ստեղծելու համար, որը Ֆորդոյի հարստացման կենտրոնում առաջին սերնդի մեքենաները կփոխարինի վեցերորդ սերնդի առաջավոր մեքենաներով»։ «Նախատեսվում են նաեւ այլ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ»,- հայտարարության մի հատված մեջբերել է Tasnim գործակալությունը։
Ինչպես նշվել է փաստաթղթում, Թեհրանը կարծում է, որ այս քայլը խաթարում է գործակալության հեղինակությունը, եւ դրա քաղաքական կողմնակալությունն ավելի ակնհայտ է դառնում։ Իրանը նաեւ երախտագիտություն է հայտնում այն երկրներին, որոնք ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի անդամներ են եւ ձեռնպահ են մնացել քվեարկությունից կամ քվեարկել են այս բանաձեւի ընդունման դեմ։
Ավելի վաղ Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձեւ է ընդունել, որով Իրանին մեղադրում է միջուկային զենքի չտարածման պարտավորությունները խախտելու մեջ։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել։