ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հերքել է լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված տեղեկատվությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին։ ՆԳՆ Ոստիկանության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է վթարի մանրամասները․
Հունիսի 8-ին’ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։
Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
Ն․ Սարգսյանը նշել է նաև, որ պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում’ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։
Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել,- գրել է նա։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես հերքում է տարածել։
Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։
Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց,- գրել է նա։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։