Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է հայտարարության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ հիմնավորման՝ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և դրանում հայ ժողովրդի մասնակցությամբ: Նշվել է, որ այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը, և շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում: Հայտարարության մեջ նշված է, որ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց, դժբախտաբար, ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում:

«Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»,- ելույթի ավարտին ընդգծել է հիմնական զեկուցողը:

Հայտարարության նախագծի ամբողջական տեքստը՝ հղմամբ:

«Հայտարարությունը, որի իմաստը պետք է միավորող լիներ պատմական ճշմարտության շուրջ, իրականում դառնում է բաժանարար գիծ, այն չի միավորում քաղաքական ուժերին, հանրությանը ֆաշիզմի դեմ պայքարի գաղափարի շուրջ»,- հարակից զեկույցում նման կարծիք է հայտնել հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ նորանկախ Հայաստանի խորհրդարանում հայտարարության տեքստ ունենալու նախադեպ չի եղել, սակայն մշտապես հայտարարության տեքստեր են եղել երկրի վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի անունից: Հասմիկ Հակոբյանն առաջարկել է գործընկերներին դեմ կամ ձեռնպահ լինել հայտարարության քվեարկության հարցում:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարություններ ընդունելու խորհրդարանական ավանդույթին է անդրադարձել և նշել, որ այդ տեսակետից նման առիթներով հայտարարություն ընդունելու նախադեպ չկա. այդ մասով կան այլ ինստիտուտներ: ՀՀ Ազգային ժողովն իր գոյության ընթացքում ընդունել է 14 հայտարարություն, որոնք հիմնականում վերաբերել են հրատապ իրադարձությունների՝ ԼՂ հակամարտությանը, Հայաստանի նկատմամբ ագրեսիային, երբևէ հոբելյանական իրադարձության վերաբերյալ Ազգային ժողովը հայտարարություն չի ընդունել:

Պատգամավորներն իրենց ելույթներում խոսել են պատմական որոշ իրադարձություններից, այս համատեքստում՝ հայտարարության ընդունման նպատակահարմարությունից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կարծիքներ են հնչեցրել, որ փաստաթուղթը կարող էր լինել Խորհրդային Հայաստանի հայտարարության տեքստ. այն անկախ Հայաստանի հայտարարության հետ որևէ առնչություն չունի: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներն էլ հակափաստարկներ են ներկայացրել և պնդել՝ անհրաժեշտ է ընդգծել հայ ժողովրդի դերակատարությունը հաղթանակներում:

Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն է տվել ներկայացված հայտարարության նախագծի վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031