Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին և դատապարտել Հնդկաստանի ռազմական գործողությունները։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին։
Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։ Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։
Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով, 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ 2 կողմում կան տուժածներ և զոհեր:
Այս սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը Իսլամաբադին մեղադրել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ: