Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քննարկումներ է անցկացնում ավագանու գործընկերների հետ՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասով։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:
Ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվել է վեց անձ։
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:
«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- փոխանցել են քաղաքապետարանից: