«Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր Կառավարությունը կբռնի աշխարհում առաջին տեղը՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով, ինչքան մեդալ կա՝ կհավաքենք»։
Այս մասին Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ցանկացած որոշում, որ խոր համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող որոշում է, ինչքան ժամկետը մոտենում է, ասում են՝ հետաձգենք, հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտը հետաձգելն է, ու գալիս է ցիկլը՝ տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառը անցնի, Սբխեչը անցնի, Զատիկը անցնի, Սուրբ ծնունդն անցնի, Նոր տարին անցնի։ Պրոբլեմն էն է, որ և՛ Զատիկը, և՛ Սբխեչը, և՛ անգամ Նոր տարին ամեն տարի կա։ Ամեն սեզոնին մենք ունենք էդպիսի հետաձգելու բան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ չի հետաձգվելու ոչ մի բան։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս պահին ինչն ուժի մեջ է, այլևս չի հետաձգվելու. «Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք՝ հետաձգում ենք, չկա հետաձգում»։
Վարչապետը նաև հարց ուղղեց. ինչու՞ է կայացվում այն որոշումը, որը չի լինի իրականացնել։ Նրա խոսքով՝ որոշումը կայացնելիս է պետք դրա մասին մտածել։