ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Fox News-ը և Axios-ը։

«Ուկրաինայի և Ամերիկայի խմբերը վերսկսել են աշխատանքը, և մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք», — X-ում գրել է Ուկրաինայի նախագահը։

Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխն էլ գրել է, որ բանակցությունները կկայանան մարտի 11-ին Էր-Ռիյադում։ Հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Բանակցությունների օրակարգում Ռուսաստանի հետ պատերազմի հրադադարի հաստատման ջանքերն են, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու աղբյուրների:

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն Արտաքին հարաբերությունների խորհրդում ասել է, որ Թրամփը ձգտում է դադարեցնել բռնությունը, այլ ոչ թե ուկրաինական պատերազմը ներկայացնել որպես մի կողմի հաղթանակ մյուս կողմի նկատմամբ։

Իսկ այն, ինչ եղավ Օվալաձև սենյակում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպման ժամանակ, Քելլոգը համարել է երկու կողմերի մոտեցումների և նպատակների տարբերության արդյունք։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31