Skip to main content

Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը Ուկրաինայից պահանջել է պաշտոնական պարզաբանում և ներողություն՝ հայտարարելով, որ Կիևը միակողմանիորեն հրապարակել է հյուսիսկորեացի ռազմագերիներին Հարավային Կորեային փոխանցելու մասին տեղեկությունը՝ չնայած այդ հարցը գաղտնի պահելու վերաբերյալ նախնական համաձայնությանը։ Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Ուկրաինայի՝ հետագայում գաղտնիության մասին որևէ համաձայնության գոյությունը հերքելը կեղծ էր և վնասել է երկու կառավարությունների միջև վստահությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Նախագահի գրասենյակը խոր ափսոսանք է հայտնում Ուկրաինայի կողմից տեղեկությունը միակողմանիորեն հրապարակելու, ապա հայտարարելու համար, թե գաղտնիության մասին համաձայնություն չի եղել»,- տարածված հայտարարության մեջ ասել է նախագահի հասարակայնության հետ կապերի հարցերով ավագ քարտուղար Սոնգ Գի Հոնգը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կառավարությունը քննարկում է այս հարցի առնչությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։

Սոնգի խոսքով՝ Ուկրաինան տարբեր կապուղիներով բազմիցս քննարկել է ռազմագերիների փոխանցման հարցը Սեուլի հետ և խնդրել պահպանել դրա գաղտնիությունը՝ պատճառաբանելով, որ տեղեկության հրապարակումը կարող էր Ուկրաինայում քննադատության պատճառ դառնալ այն հիմքով, թե Կիևը հրաժարվել է զինվորներին ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակելու հնարավորությունից։

Սոնգ Գի Հոնգը նշել է, որ Հարավային Կորեան համաձայնել էր գաղտնի պահել փոխանցման փաստը՝ հաշվի առնելով անվտանգության, դիվանագիտական և հումանիտար նկատառումները, այդ թվում՝ ռազմագերիների և նրանց ընտանիքների անվտանգությունը։

Նա հիշեցրել է, որ ուկրաինական կողմը, փաստորեն, հրապարակել է գերիների փոխանցման մասին տեղեկությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ՝ առանց Հարավային Կորեայի հետ անհրաժեշտ խորհրդակցությունների։ Դրանից հետո Կիևը հերքել է գաղտնիության մասին որևէ համաձայնության գոյությունը։

Սոնգի խոսքով՝ այդ հերքումը լրջորեն վնասել է երկու կառավարությունների միջև վստահությանը և կարող է բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։

Անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան Հարավային Կորեային է փոխանցել երկու գերի ընկած հյուսիսկորեացի զինվորների։

Դրանից հետո Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը հայտարարել էր, որ Ուկրաինան խախտել է գաղտնիության մասին համաձայնությունը՝ հրապարակելով տեղեկությունը փոխանցման մասին։

Լին X սոցիալական ցանցում գրել էր, որ հնարավոր հետևանքները հաշվի առնելով՝ «բոլոր առումներով ճիշտ էր չհրապարակել» փոխանցման մասին տեղեկությունը, և որ երկու երկրները պայմանավորվել էին այն գաղտնի պահել։

«Ես չգիտեմ, թե ինչ հանգամանքներ են ստիպել ուկրաինական կողմին հրապարակել այդ տեղեկությունը՝ չնայած գաղտնիության մասին համաձայնությանը, սակայն դա խորապես ցավալի է»,- գրել էր նա։

Ուկրաինան երկու հյուսիսկորեացի զինվորներին գերեվարել էր 2025 թվականի հունվարին Ռուսաստանի Կուրսկի շրջանում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930