«Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են», — լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն, ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք՝ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել», — ասաց վարչապետը:
«Զգացմունքային մակարդակում էդ բոլոր զգացումները, զգացմունքները կիսում եմ և հասկանում եմ էն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են: Արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս, և այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ», — նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե անձամբ նա ի՞նչ քայլեր է իրականացնում Ադրբեջանում պահվող հայերի համար:
Այդ դիվանագիտական քայլերից մեկը կամ երկուսը կարո՞ղ եք թվարկել, հարցրինք վարչապետին, ի՞նչ է անում հայկական կողմը: «Մենք բոլոր բանակցություններում այդ հարցը բարձրացնում ենք, ընդ որում՝ մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում և էդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում», — պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցնում է 2023-ի դեկտեմբերին 32 հայ զինծառայողների վերադարձը: «Մինչև վերջին վայրկյանն էդ ջանքերը չէին երևում, մինչև պաշտոնական հայտարարություն չեղավ չէին երևում: Ինչո՞ւ մինչև վերջին վայրկյանը չէինք հրապարակում, որովհետև չգիտեինք՝ էդ ջանքերն արդյունք տալու են, թե՝ ոչ», — նշեց Փաշինյանը: