Skip to main content

ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT

ԱՄՆ-ը հրաժարվել է Սաուդյան Արաբիային տրամադրել օդային ծածկույթ՝ եմենյան ապստամբական «Անսար Ալլահ» շարժմանը զսպելու համար՝ պատճառաբանելով Իրանի վրա կենտրոնացվածությունը։ Այդ մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով դիվանագետի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տվյալներով՝ անցյալ շաբաթ, երբ հութիներն առաջ էին շարժվում Եմենի Կարմիր ծովի ափի երկայնքով, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ աջակցության խնդրանքով։ Սակայն, դիվանագետի խոսքով, Էլ Ռիադը մերժում է ստացել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ չէ միջամտել տվյալ պահին, քանի որ կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա։

Ինչպես գրում է թերթը, Սաուդյան Արաբիան հայտնվել է մի իրավիճակում, երբ հարավում տեղի է ունենում հութիների հարձակումը, իսկ հյուսիսում առկա է Իրաքում շիա աշխարհազորայինների կողմից հարձակումների սպառնալիք։ Էլ Ռիադն ավելի վաղ հայտարարել էր անօդաչու թռչող սարքերի մի շարք հարձակումներից հետո «Արևելք-Արևմուտք» նավթամուղի փակման մասին, որն օգտագործվում էր Հորմուզի նեղուցը շրջանցելու համար։ Այս ֆոնին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը օգոստոսին ընկել է մինչև օրական 6,2 միլիոն բարել, ինչը 36 տարվա ընթացքում նվազագույն մակարդակն է դարձել։ Վերլուծաբանները մոտ ժամանակներս նավթավերամշակման գործարաններում արտադրության կրճատում են ակնկալում։

Ինչպես նշում է պարբերականը, ներկայիս իրավիճակը դարձել է ամենամեծ փորձությունը թագաժառանգի համար 2018 թվականից ի վեր: Ավելի վաղ նա փորձել էր թագավորությունը դուրս բերել Եմենի հակամարտությունից, սակայն հուլիսին հութիները հայտարարել էին սաուդյան նավահանգիստների շրջափակման մասին։ Էլ Ռիադը նրանց պահանջները դիտարկում է որպես շորթում և տատանվում է էսկալացիայի և նոր հրադադարի միջև։

Եմենում իրավիճակը կտրուկ սրվել էր սեպտեմբերի սկզբին, երբ ապստամբական շարժումը հարձակման էր անցել երկրի հարավ-արևմուտքում: Վերգետնյա առաջխաղացմանը զուգահեռ՝ հութիները սկսել էին հարվածներ հասցնել Կարմիր ծովի առափնյա շրջաններին և Տաիզ քաղաքի շրջակայքին՝ ձգտելով կտրել դեպի Մոխա տանող ճանապարհները և առաջ շարժվել դեպի Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող շրջաններ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930