Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ ոլորտների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ գործընկերության ամրապնդման և ընդլայնման համար հիմք է Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված Հանցավորության դեմ պայքարի մասին համաձայնագիրը։ Կարևորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման
հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։






































