Անօդաչուների գրոհներ Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքներում. երկու կողմում կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը երեկ երեկոյան անօդաչու թռչող սարքերով գրոհել են Ուկրաինայի տարածքը, այդ թվում՝ ռազմաճակատից հեռու գտնվող Ժիտոմիրի և Կիևի շրջանները, տեղեկացնում է ուկրաինական ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:

Հաղորդվում է Ժիտոմիրի շրջանում և Կիևի Բրովարի արվարձանում անօդաչուների հարձակումների մասին: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ գործի է դրվել հակաօդային պաշտպանությունը:

Ռազմաօդային ուժերի հրամանատարության փոխանցմամբ՝ անօդաչուները շարժվել են նաև Կիևի շրջանի հյուսիսի և Սումիի, Չեռնիգովի և Պոլտավայի շրջանների ուղղություններով:

Հունվարի 3-ին ավելի վաղ տեղական պաշտոնյաները հայտնել էին, որ Չեռնիգովին մերձակա բնակելի շրջանում երեք հրթիռերի հարվածների հետևանքով մի մարդ է զոհվել: Հինգ մարդ վիրավորվել էր Կիևում անօդաչուների հարձակումների ժամանակ, չորսը, այդ թվում՝ երկու տարեկան տղա, Սլովյանսկում հրետակոծության հետևանքով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրել է, որ 2025 թվականի առաջին երեք օրերին Ռուսաստանը 300 անօդաչու թռչող սարք և մոտ 20 հրթիռ է արձակել Ուկրաինայի տարածք: Դրանց մեծ մասը, ըստ նրա, վնասազերծվել են, բայց կան զոհեր և վիրավորներ: Զելենսկին պնդել է, որ «ռուսական տեռորը» Կիևից և դաշնակիցներից պահանջում է չթուլացնել հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու ջանքերը;

Ռուսական կողմը հաղորդում է Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից մի մարդու զոհվելու մասին: Եվս մի մարդ զոհվել է Ռուսաստանի Բրյանսկի մարզի հրթիռակոծության հետևանքով, փոխանցել է նահանգապետը:

Ռուսաստանի ռազմական և տեղական պաշտոնյաները հաղորդում են 10 անօդաչուի խոցման մասին, այդ թվում 6-ը՝ Բրյանսկի մարզում:

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են ետ մղել երկրի տարածքում խորանալու ռուսների փորձերը: Ըստ ուշ երեկոյան հրապարակված հաղորդագրության՝ օրվա ընթացքում ռազմաճակատում 138 զինված բախում է տեղի ունեցել:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031