«Օրեշնիկի» և արևմտյան հակաօդային պաշտպանության «տեխնոլոգիական մենամարտի» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը պատասխան էր ռուսական նոր հրթիռի խոցելիության մասին հարցին: Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կատակ էին նախագահի խոսքերը «մենամարտի» մասին։
«Նախագահի այս հայտարարությունների մասին խոսելը շատ կարևոր է նրան ուղղված հարցի համատեքստում։ Սա նրա նախաձեռնությունը չէր, նրան խնդրեցին բացատրել հրթիռի հնարավոր խոցելիությունը, և, հետևաբար, նախագահը, ինչպես սովորաբար անում է, բավական մանրամասն խոսեց այն մասին, թե ինչպես է աշխատում այս հրթիռը և այլն, և որքանով այն ենթակա չէ գործող հակաօդային պաշտպանության համակարգերի ազդեցությանը»,- ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը, այսպես կոչված, մենամարտ առաջարկեց ռուսական «Օրեշնիկ» հրթիռին կասկածող արևմտյան փորձագետներին. ընտրել Կիևում ոչնչացման թիրախ, այնտեղ կենտրոնացնել հակաօդային պաշտպանության ուժերը և փորձել կասեցնել հարվածը։
«Մենք պատրաստ ենք նման փորձի»,- ասել էր ՌԴ նախագահը։