Երբ հասա Հայաստան, սկսեցի փնտրել հայ պապիս. Գունկոն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Դմիտրի Գունկոն 2020 թվականին հեռացավ «Խիմկիից» և ուղևորվեց Հայաստան։ Ներքին առաջնությունում հաջողության հասնել միանգամից չստացվեց։ «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» հետ աշխատելուց հետո միայն երրորդ փորձից (2022/23թթ․ մրցաշրջան) «Ուրարտուի» գլխավորությամբ նրան հաջողվեց «ոսկե դուբլ» ձևակերպել՝ դառնալով նաև առաջնության լավագույն մարզիչ։ Գունկոն, չնայած Հայաստանում իր գործունեությանը, չի մոռանում ՌՊԼ-ն ու «Սպարտակը»։

Metaratings.ru-ն զրուցել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի հետ հայկական և ռուսական ֆուտբոլի մասին։ Հարցազրույցում Գունկոն պատմել է, թե ինչպես է կարողացել հաստատվել Հայաստանում, ինչպես նաև գնահատել Իվան Իգնատևի կարգավիճակն «Ուրարտուում»։

– Դուք արդեն չորրորդ տարին է, ինչ աշխատում եք Հայաստանում։ Ինչպե՞ս կարողացաք այստեղ հաստատվել։

– Ես Հայաստանում եմ 2020 թվականից։ «Խիմկիում» աշխատանքի ավարտից հետո փոքր դադար ունեցա, բայց հետո առաջարկ ստացա գլխավորելու «Նոան»։ Անկեղծ ասած, երկար ժամանակ տատանվում էի։ Մի ամբողջ ամիս պատասխան չէի տալիս։ Առանց աշխատանքի մնալը, հատկապես «Խիմկիում» ոչ այնքան հաջող ժամանակաշրջանից հետո, ինձ համար շատ ծանր էր։ Այդ պատճառով որոշեցի ընդունել առաջարկը և գլխավորեցի «Նոան»։ Թիմն ընդունեցինք համավարակի ժամանակ, երբ այն զբաղեցնում էր 5-րդ տեղը, իսկ առաջնությունն ավարտեցինք 2-րդ տեղում՝ մինչև վերջին տուրը պայքարելով չեմպիոնության համար։ Այն ժամանակ ղեկավարությունը համարեց, որ մենք չենք կատարել մեր առջև դրված խնդիրը, և բաժանվեցինք մեր մարզչական շտաբի հետ։ Այնուհետև առաջարկ ստացա «Արարատ-Արմենիայից», որը երկրի ամենահարուստ ակումբն էր։ Նրանք գնահատեցին այն աշխատանքը, որը մենք իրականացրել էինք «Նոաում»։ Ես մեկ տարվա պայմանագիր կնքեցի ակումբի հետ․ ձմեռային դադարն անցկացրինք 8 միավորի առավելությամբ, բայց, ցավոք, առաջնության երկրորդ մասը ձախողեցինք։ Դրանից անմիջապես հետո ես գլխավորեցի «Ուրարտուն» և երրորդ փորձից նվաճեցի չեմպիոնությունը։ Հիմա մենք ձգտում ենք պայքարել ամենաբարձր տեղերի համար Եվրոպայում։

– Ինչպե՞ս եք ստացել Հայաստանի անձնագիր։ Պետք էր հանձնել քննություննե՞ր, թե՞ անցել եք ավելի պարզեցված ընթացակարգով։

– Ես ոչ մի քննություն չեմ հանձնել և դժվարությունների չեմ հանդիպել։ Երբ հասա Հայաստան, սկսեցի փնտրել հայ պապիս, որը ծնունդով Արարատից է։ Վերցրեցի մորս ծննդյան վկայականը և այն ուղարկեցի արխիվ, սակայն երկար ժամանակ նրան գտնել չէր ստացվում։ Պարզվեց, որ մեր դարպասապահների մարզիչը նույն շենքում էր ապրում իմ հարազատի հետ։ Այդպիսի պատահական զուգադիպության արդյունքում ես գտա իմ հայկական արմատները։ Այդ հիմքով ես փաստաթղթեր ներկայացրեցի անձնագիր ստանալու համար, որը հետագայում ինձ օգնեց թիմի հետ մասնակցել եվրագավաթների։ Ռուսական անձնագրով վիզա ստանալն ավելի դժվար կլիներ։

– Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ «Ուրարտուն» ցանկանում է վարձակալել Պավել Մասլովին։ Հնարավո՞ր է՝ ապագայում ցանկանաք Հայաստանում կազմակերպել «Սպարտակի» ֆարմ-ակումբ կամ մասնաճյուղ, որպեսզի «կարմիր-սպիտակների» ամենահեռանկարային սաները խաղային պրակտիկայի հնարավորություն ստանան արտասահմանյան առաջնությունում և նույնիսկ եվրագավաթներում։

– «Ուրարտուն» երբեք ոչ մեկի ֆարմ-ակումբը չի դառնա։ Թիմն ունի իր սեփական ակադեմիան, որը զարգացնում է հայ ֆուտբոլիստներին։ Սա ակումբի կառուցման փիլիսոփայության հիմնասյունն է։ Մասլովի հետ մենք իսկապես քննարկումներ ենք ունեցել տրանսֆերի վերաբերյալ, բայց միայն այն պատճառով, որ մեր ֆուտբոլիստը, ցավոք, ոտք կոտրեց։ Մենք հավաքներ էինք անցկացնում Մոսկվայի ակումբի հետ Էմիրատներում, և այդպես ես հնարավորություն ունեցա Մասլովի հետ ուղիղ կապ հաստատել։ Բացի այդ, ես անձամբ ճանաչում եմ նրա հորը. մենք միասին խաղացել ենք 1999 թվականին։ Ես կարծում եմ, որ Պաշայի համար դա լավ փորձ կլիներ, բայց, ի վերջո, չկարողացանք պայմանավորվել պայմանագրի շուրջ։

– Հիմա Իգնատովը «Սպարտակում» հիմնական կազմ չի մտնում։ Կցանկանայի՞ք նրան տեսնել ձեր թիմում։ Դուք արդեն ծանոթ եք նրա հետ։

– Իհարկե։ Մի ժամանակ ես Իգնատովին համոզում էի չմեկնել Պորտուգալիա։ Ես զրուցում էի նրա ծնողների հետ, որպեսզի նրանք համոզեին նրան մնալ «Սպարտակ»-ի ակադեմիայում։ Իգնատովն, այնուամենայնիվ, մեկնել էր Պորտուգալիա, բայց հետո վերադարձավ։ Բնականաբար, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց չի կարողանում ամբողջությամբ բացահայտել իր տաղանդը։ Չեմ հասկանում, թե ինչն է նրան խանգարում։ Ամեն դեպքում, ես կցանկանայի նման որակյալ ֆուտբոլիստ տեսնել «Ուրարտուում»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031