Գազայի հատվածում վերսկսվել է նախօրեին ընդհատված հրադադարի ռեժիմը, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ)։
«Քաղաքական ղեկավարության հրահանգին համապատասխան և Համասի կողմից հրադադարի խախտումներին ի պատասխան մի շարք նշանակալի հարվածներից հետո, Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հրադադարը՝ համաձայնագրի պայմաններին համապատասխան կերպով», — ասվում է հայտարարության մեջ։
Զինվորականները հավելել են, որ կշարունակեն պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը և «վճռականորեն կարձագանքեն դրա ցանկացած խախտմանը»։
Հոկտեմբերի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող «տասնյակ ահաբեկչական օբյեկտների» ուղղությամբ՝ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին իսրայելցի զինվորականների վրա հարձակվելու մեջ։ ՑԱԽԱԼ-ի տվյալներով, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները գնդակոծել են տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով զոհվել է Իսրայելի երկու զինծառայող։ Ի պատասխան՝ Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին, կրակակետերին և ենթակառուցվածքներին, ինչպես նաև ոչնչացրել է մոտ վեց կիլոմետր ստորգետնյա թունելներ, հայտարարել են ՑԱԽԱԼ-ում։ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով, իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել։
Հոկտեմբերի 10-ի լույս գիշերը ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, իսկ հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել կենդանի մնացած 20 իսրայելցի պատանդներին, որոնք դիմաց ստացել է Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալներին։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը պետք է վերադարձնի գերության մեջ զոհված ևս 28 պատանդների մարմինները, սակայն դեռևս բոլորը չեն վերադարձվել։