Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթել է բարեհաջող առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների կապերի առավել զորացման։
Հայոց Հովվապետն իր գոհունակությունն արտահայտեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական մտահոգիչ զարգացումներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա՝ աղոթելով, որպեսզի աշխարհում դադարեն հակամարտությունները և տարբեր ազգեր չապրեն նույնպիսի ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական ոլորտում առկա սերտ գործակցությանը։