ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համերաշխություն է հայտնել Վրաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին և իշխող ուժի դեմ նախատեսվող լրացուցիչ պատժամիջոցների մասին հայտարարել։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ», — ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։
Բլինքենը կոչ է արել «Վրացական երազանքին» դադարեցնել բռնաճնշումները, այդ թվում՝ քննադատաներին լռեցնելու համար չարդարացված կալանավորումները՝ անհանգստացնող համարելով, մասնավորապես, իրավապահների կողմից քաղաքացիներին հասցված լուրջ վնասվածքների մասին հաղորդումները:
«Կալանավորվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն», — հայտարարել է Բլինքենը՝ շեշտելով՝ ի հավելում երկկողմ համագործակցության վերանայման Միացյալ Նահանգներն իր տրամադրության տակ եղած գործիքներ կկիրառի, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցներ։
Թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, Բլինքենը չի մանրամասնել։
Օրերս Վաշինգտոնը հայտարարել էր, որ դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, ինչպես նաև դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ։
Կառավարության հեռացման պահանջով արդեն ութ օր է հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանական հատուկ միջոցների՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել: