Նիդեռլանդների ոստիկանությունը նոյեմբերի 10-ին մոտավորապես 100 մարդու է ձերբակալել Ամստերդամում անցկացված չարտոնված ցույցերի ժամանակ: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Ամստերդամի կենտրոնում հավաքված ցուցարարները վանկարկել են «Ազատություն Պաղեստինին» և այլ պաղեստինամետ կարգախոսներ։
Քաղաքի իշխանություններն ակցիաների անցկացումը հանգստյան օրերին արգելել էին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ամստերդամում հարձակում տեղի ունեցավ իսրայելցի երկրպագուների վրա:
Նոյեմբերի 10-ին արգելքը երկարացվել է մինչև նոյեմբերի 14-ը։
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։
Ամստերդամում լույս նոյեմբերի 8-ի գիշերը Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցախաղից հետո, որտեղ Ամստերդամի «Այաքսը» 5:0 հաշվով հաղթել էր Թել Ավիվի «Մաքաբի»-ին, իսրայելցի երկրպագուները հարձակումների էին ենթարկվել:
The Times of Israel պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում իսրայելցի երկրպագուները վիրավորական կարգախոսներ էին հնչեցնում արաբների, մասնավորապես՝ պաղեստինցիների հասցեին։