ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։
Այս մասին հայտնել է է փաստաբան Սոսե Չանդոյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին դատարանը մասնակի բավարարել էր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով և վերացվել ազգականներին տեսակցելու արգելքը:
ՀՀ ոստիկանությունից ստացվել էր պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել էր «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ իրավապահների՝ ձայնագրության մեջ լսվում է Գերասիմ Վարդանյանի ձայնը: