Աշխարհում չկա խաղաղության պայմանագիր, որը բոլոր հարցերի պատասխանը տա․ ՀՀ վարչապետ

Ազգային ժողովում՝ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց, որ ադրբեջանական կողմը ասել է, թե Խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, սակայն անընդունելի են համարում չհամաձայնեցված կետերով պայմանագրից հեռացնել մյուս կետերը։ Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է սա կմեկնաբանի:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ընդգծեց․ «Մենք ասել ենք, որ կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ համաձայնեցված են Խաղաղության պայմանագրում, նախաբանը համաձայնեցված է, վերնագիրը համաձայնեցված է, ևս երեք հոդված մասնակի է համաձայնեցված, հոդվածում կա նախադասություն, որ համաձայնեցված չէ, կա ևս մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ։ Այսօր հարցուպատասխանին պատրաստվելիս նայեցի, որ պայմանագրի ամենասկզբում երկրորդ և երրորդ խմբագրությունները ունեցել են 18 հոդված, այսինքն՝ ինչ-որ հոդվածներ դուրս են եկել, մնացել են 17-ը: Սա կարևոր է, որ չընկալենք, թե ի սկզբանե նախագիծը ձևավորվել է 30 հոդվածից, հիմա առաջարկում ենք կեսը հանել»։

Ըստ վարչապետի՝ Հայաստանը առաջարկում է այն, ինչ համաձայնեցված է, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում ունենան․ «Երբ որ մենք այդ կարևոր հարցերը արտահայտենք, էլ չեն լինելու կարևոր հարցեր։ Փաստ է, որ աշխարհում չկա խաղաղության կամ ոչ խաղաղության պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս։ Չպետք է վարկածը այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ երբեք չենք ստորագրի»։

Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ ադրբեջանական կողմից լսվող երկակի նշանակության հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Առավել ևս հիմա չեմ կարծում, որ մենք ուղղակի հայտարարություններ պետք է արձագանքենք, պետք է հղվենք պաշտոնական հաղորդագրությունների վրա։ Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները տարածել են հայտարարություն, որ Ալմա-Աթայի հռչակագիրը դառնում է սահմանազատման գործընթացի բազային սկզբունք»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031