Վճռաբեկ դատարանից արձագանք առկա չէ, թեև ես կանխատեսում եմ իրենց արձագանքը, իրենք որպես այդպիսին բանավեճի մասնակցելու որոշակի սահմանափակում ունեն, բայց իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներից էլ արձագանք չկա, թեև ես կարող եմ ասել, որ կարծես թե քննչական կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցներ տվել են, այդ թվում խոսելով Սամվել Կարապետյանին մեղսագրվող այս աբսուրդային գործի մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրան, որ իր վերջին ասուլիսում փաստաբանները վճռաբեկի դատավորներին բանավեճի էին հրավիրել։
«Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, այն ակտուալություն որպես այդպիսին չունի։ Ի դեպ, դրա մասին արձանագրել է նաև հենց Վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ, քանի որ իր վաղեմությունը, որոշման ակտուալությունը սպառված է եղել։ Եթե մենք հիմա, օրինակ, գտնվեինք 2025 թվականի սեպտեմբերին, բայց հիմա նոյեմբերն է։ Այդ ժամանակ կարող էինք խոսել, որ Վճռաբեկ դատարանի որոշումը ակտուալություն ունի, բայց սա է իրավիճակը։
Բայց վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը արդեն այն ժամանակ, երբ ինքնին սպառված էր։ Վարույթ է ընդունել 2025 թվականի հոկտեմբերի 24–ին»,–ասաց նա։
Վարդևանյանը հայտարարեց, որ իրենք ներկայացնելու են առնվազն շուրջ մեկ հատոր բովանդակությամբ իրենց կողմից կատարված գրագրությունը, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունը, մի մասի վերաբերյալ պատասխանները. «Իսկ քննիչն էլ իր հերթին վստահ եմ՝ հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ, բայց, իհարկե, վստահ եմ՝ ընթերցելու է»,–ասաց նա։
Փաստաբանը խոսուն հմարեց փաստը որ միաժմանակ դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, իսկ ՀԾԿՀ–ն քննելու է ՀԷՑ–ի լիցենզիան չեղարկելու հարցը։
«Երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման։ Որևէ ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում։
Իհարկե նաև այս միջնորդությունն էլ ակնհայտորեն ենթակա է մերժման, այն պետք է մերժված լիներ ի սկզբանե, բայց ունենք մի աբսուրդ, որ այն տևում է արդեն հինգ ամիս։ Բայց ամեն ինչն ունի սկիզբ և վերջ»,– հայտարարեց նա։







































