Գետի հունը չեն կարող փոխել, հունը վաղուց է որոշված, ոչ մի ուժ ինձ չի կարող հետ կանգնեցնել իմ նպատակներին հասնելուց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դատարանում իր պաշտպանական ճառն հնչեցնելիս ասաց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ դատարանում է, քանի որ ունի արժանապատվություն ու սկզբունքներ. «Ես հասկանում եմ, որ կարող եմ պարտվել, ուժերի հարաբերակցությունը շատ տարբեր է։ Բայց ես ավելի մեծ բան եմ հասկացել, հարգելի դատարան, որ արդարության համար պայքարելն ու պարտվելն ամոթ չի, արդարության համար չպայքարելն է ամոթ»,-ասաց Թովմասյանը։
Նա նկատեց, որ այս դատավարությունը միայն Հրայր Թովմասյանի մասին չէ, հետևաբար իր պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին:
ՍԴ դատավորի խոսքով, այս դատավարության տուժողներն ու բացասական հետևանք կրողներն անթիվ ու անհամար են, հետևանքները չեն սահմանափակվում միայն իրենով, այն դուրս է գալիս ու տարածվում է:
«Տարօրինակն այն է, որ նույն հիմնավորումներով կարող էին մեղադրել ոչ միայն այն գոյություն չունեցող 308 հոդվածի 2-րդ մասով, այլ քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով: Այս դատավորությունը սկզբից մինչև վերջ որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ:
Ոչ միայն հոդվածը կարող է փոխվել ու ցանկացած հոդված դրվել, այլև իմ փոխարեն այստեղ կարող էր լինել յուրաքանչյուր ոք, ով 2018-2020 թթ. կլիներ Սահմանադրական դատարանի նախագահ և կդրսևորեր այն վարքագիծը որը ես դրսևորել եմ այդ ընթացքում: Այս դատավարության հերոսը ես չեմ, եթե 2018-ին ՍԴ նախագահ լիներ այլ մարդ, նա կլիներ այստեղ»,- հայտարարեց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: