Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը. Ավինյան

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությունն էր, որը վարում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել տարբեր հարցերի:

Ընթացքում է արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգի տեղադրման գործընթացը: Այն հնարավորություն կտա ավելի հեշտորեն լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:

Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունների փուլը, որից հետո հաջորդ տարի կհայտարարվի կառուցման մրցույթը:

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը: Գործակցությունը չի ներառի միայն վերլուծական աշխատանք. նախատեսվում է մշակել ներդրումային ամբողջական փաթեթ:
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով:

4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն – համայնք — կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:

Երևանի քաղաքապետարանի հատկացումների հաշվին կերտվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը: Բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն:

Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը:

Սեպտեմբերի 17-24-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրականացվի հերթական խոշոր նախագիծը: Կրկին բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ ծրագիր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա 1985թ. գրված Խմբերգային կոնցերտը, որը համարվում է երգչախմբային արվեստի համաշխարհային գլուխգործոց, նախատեսվում է մշակել և փոխադրել՝ ստեղծելով բալետային նոր ներկայացում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30