Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս ժամանի երկիր՝ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը մասնակցելու։
Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանությունը։
Ուկրաինացի դիվանագետները հույս են հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ «Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, ով ուկրաինացի երեխաներին առևանգելու և բռնի ուժով Ռուսաստան տեղափոխելու կասկածանքով կալանավորելու հրաման ունի՝ տրված Միջազգային քրեական դատարանի կողմից», որի իրավասությունն ընդունում է Մեքսիկան։
«Միևնույն ժամանակ մենք վստահ ենք, որ Մեքսիկայի կառավարությունը ցանկացած դեպքում կկատարի ձերբակալության միջազգային օրդերը՝ նրան ներկայացնելով Հաագայի ՄԱԿ-ի դատական մարմնին»,- ասված է նամակում։
Նշենք՝ օգոստոսի 7-ին Մեքսիկան Պուտինին հրավիրել է երկրի նորընտիր նախագահի երդմնակալությանը։
2023 թվականին ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ մեղադրելով նրան Ուկրաինայից հարյուրավոր երեխաների ապօրինի արտաքսման մեջ, և այժմ Ռուսաստանի առաջնորդը կարող է կալանավորվել բոլոր այն երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը: