Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվանից

Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի  նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ արդեն հայտնի կդառնա մրցույթը հաղթած ընկերությունը։ Կառավարության նիստին մրցութային երկրորդ փուլի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը ներկայացնելիս՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ 

«Նախագիծը վերաբերում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։ Այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ բուն մրցութային փուլին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել գործընթացը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ համակարգի ներդրումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության  շրջանակներում կարևոր հենասյունային ուղղությունն է։

«Մենք կենսաչափական փաստաթղթերի և տվյալների անվտանգության բաղադրիչի շրջանակներում անվտանգային այնպիսի կանոններ ենք նախատեսում, որոնք կբավարարեն բարձր ստանդարտներին»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ առաջին փուլում հաղթած մասնավոր ընկերություններին այս տարվա սեպտեմբերին պետությունը կուղարկի իր առաջարկները։

«Մինչև տարեվերջ մասնավոր ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց վերջանական նախագծերը։ 2025 թվականի սկզբին կսկսենք գնահատման գործընթացը և, եթե գործընթացը հարթ ընթանա, չբախվենք բողոքարկումների և մնացած տեխնիկական խոչընդոտների, ապա 2025 թվականի մարտին կունենանք հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը։

 Նշեմ, որ ընկերությունը մինչև մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, որն ակնկալվում է պայմանագրով և, ըստ այդմ, 10 տարի ժամկետով կկարողանա այս ծրագրի շրջանակներում մատուցել այս ծառայությունը»,- եզրափակեց Սարգսյանը։ 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30