Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկի շրջանում երեք գյուղ է գրավել․ նահանգապետը բնակչությանն արյուն հանձնելու կոչ է արել

Օգոստոսի 6-ին Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջան ներխուժած ուկրաինական զորքերին հաջողվել է սահմանային գոտում ամրապնդել դիրքերը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռիբար» տելեգրամ-ալիքը, փոխանցում է Meduza-ն։

Տելեգրամ-ալիքի հեղինակ Միխայիլ Զվինչուկի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Նիկոլաևո-Դարինո, Դարինո և Սվերդլիկովո գյուղերը։ Բացի այդ, Գոնչարովկայում և Օլեշնիայում մարտեր են ընթանում ուկրաինական և ռուսական զորքերի միջև։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերի մինչև 400 զինվորականներ ներխուժել են Կուրսկի շրջանի տարածք, մինչև երկու հազար զինվորականներ էլ կենտրոնացած են սահմանի երկայնքով, գրում է «Ռիբարը»։

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի Սուջա, քաղաքի բնակչությունը փաստացի տարհանվել է։ Ռուսական պատերազմամետ էջերում խոսվում է այն մասին, որ ուկրաինական զորքերի նպատակներից մեկը կարող է լինել Սուջայի գազաչափման կայանի ոչնչացումը։

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը կոչ է արել բնակչությանն արյուն հանձնել՝ տարածաշրջանում մարտերի մասին տեղեկությունների ֆոնին։ «Կարող եք արյուն հանձնել Կուրսկի տարածաշրջանային արյան փոխներարկման կենտրոնում և շրջկենտրոնի Կարմիր հրապարակում գտնվող շարժական կայանում։ Կոչ եմ անում Կուրսկի բնակիչներին անտարբեր չմնալ»,- հավելել է նա։

Տեղական իշխանություններն ու ՌԴ պաշտպանության նախարարությունը մանրամասներ չեն հայտնում Կուրսկի շրջանում ընթացող մարտերի մասին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30