Հայաստանի Հանրապետությունում առ այսօր գործում է մի աննախադեպ ծրագիր, որն ուղղված է սոցիալական տարբեր խավերի մարդկանց համար հավասար պայմանների ստեղծմանը: Գուցե քչերն են տեղյակ, որ դեռևս 1992 թվականից մեր երկրում հիմնադրվեց է «Լույս հայի աչքերին նախագիծը», որի շնորհիվ հազարավոր մարդիկ մինչ օրս ստանում են անվճար ակնաբուժական օգնություն:
Դեռևս 80-ականներին, Երևանում պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ Ալեքսանդր Մալայանը ծանոթանում է հայազգի բարերար, վնասվածքաբան-օրթոպեդ Վարդգես Նաջարյանի հետ, ով ժամանել էր բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով: Այս ծանոթությունից հետո է, որ Նաջարյանի հրավերով, 1988 թվականին Ա. Մալայանը մեկնում է Կալիֆոռնիա: Հանդիպումներից մեկի ժամանակ նա ծանոթանում է հայազգի ականավոր ակնաբույժ Ռիչարդ Կասպերի հետ: Նրանք քննարկում են Հայաստանում ակնաբուժության մեջ մասնագիտական նոր բարեփոխումները:
«Ալեքսանդր Մալայանն ահռելի ներդրում է ունեցել երկրաշարժի, պատերազմի տարիներին օգնություն ցուցաբերելու գործում։ Հանրապետությունում առաջին անգամ կազմավորել է աչքի վնասվածքների կլինիկան, որը, մինչ այդ, ընդհանուրի մեջ էր։ Պատկերացրեք՝ որքան կարևոր էր երկրաշարժի, պատերազմի տարիներին ունենալ առանձնացված կլինիկա, և ինչպիսի հսկայական ջանք էր դա պահանջում։ Նա փայլուն վիրաբույժ է և կազմակերպիչ։ Նա ոչ միայն ղեկավարել է ակնաբուժական կլինիկան, այլև մշտապես ներդրել նորություններ։ Նա Հայաստան բերեց առաջին ոսպնյակները, սկսեց այդ գործն ու ստեղծեց իր դպրոցը»։
Վնասվածքաբան, օրթոպեդ,
բ․ գ․ դ․, պրոֆեսոր Վաչագան Այվազյան
Ռիչարդ Կասպերի հետ հանդիպման ընթացքում, ճակատագրական այդ օրն է Ալեքսանդր Մալայանը ծանոթանում Ռոջեր Օհանեսյանի հետ: Այս ծանոթությամբ էլ սկիզբ է դրվում այն ահռելի աշխատանքին, որ Հայաստանի համար կազմակերպում են այս երկու մեծահոգի և մարդասեր հայերը:
1992 թվականին, Մալայանի խորհրդով, Հայաստանի Առողջապահության նախարարությունը խնդրանքով դիմում է դոկտոր Ռոջեր Օհանեսյանին գալ Հայաստան՝ հումանիտար և մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու համար:
Օհանեսյանը հանձն է առնում խնդրանքը և կարճ ժամանակում գալիս Երևան: Եվ, ահա, կրկին հանդիպում են երկու նվիրյալ բժիշկներն ու լծվում ծանր աշխատանքի:
«Առաջին անգամ հանդիպել եմ Ալեքսանդր Մալայանին 1988 թվականին։ Նա ինձ ներկայացրեց այն ամենը, ինչ այդ տարիներին տեղի էր ունենում Հայաստանում և դա շատ հուզեց ինձ։ Ասացի, որ երբեմն կուզենայի այցելել Հայաստան, բայց չէի պատկերացնում, որ մի քանի տարի անց, 1992 թվականին, Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ Հայաստանից հրավեր կստանամ գալ և օգնություն ցուցաբերել։ Ինձ համար մեծ հաճույք էր վերադառնալ և կրկին հանդիպել Ալեքսանդր Մալայանին»։
Ակնաբան, միկրովիրաբույժ,
բ․գ․դ․, պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյան
Սկսվում է Ա․ Մալայանի և Ռ․ Օհանեսյանի մեծ բարեկամությունն ու աշխատանքային ճանապարհը: Նրանց անմնացորդ նվիրումի, կամքի և անշահախնդիր մոտեցման շնորհիվ գործարկվում է «Լույս հայի աչքերին նախագիծը», որն ակնաբուժական բուժօգնության ընդլայնված, բազմակողմանի հագեցած ծրագիր է՝ ժամանակակից տենդենցներով: Այն Հայաստանում հաջողությամբ հիմնադրվեց Ալեքսանդր Մալայանի շնորհիվ, քանի որ նա էր այն առանցքը, որի շուրջ ձևավորվեց և կյանքի կոչվեց այս նախագիծը։
90-ականների ծանր ժամանակաշրջանում, հիվանդանոցներում աշխատանքային ծայրահեղ պայմաններ էին, բայց Ալեքսանդր Մալայանը կարողանում էր վերահսկել իրավիճակը։ Բժիշկներից շատերն են այդ տարիներին ականատես եղել այն հանգստությանն ու հավասարակշռվածությանը, որ նա պահպանում էր անկանխատեսելի, ոչ սովորական իրավիճակներում։ Մի անգամ, երբ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ակնաբույժ Ջոն Մերիեմը ակնագնդի հեռացման բարդ վիրահատություն էր կատարում՝ հիվանդանոցում էլեկտրականությունն անջատվում է․ հովհարային անջատումներ էին։ Ամերիկացի բժիշկն աննկարագրելի խուճապի մեջ է հայտնվում, քանի որ պատկերացնել անգամ չէր կարող, թե վիրահատության ընթացքում հնարավոր է նման բան։ Մալայանը հանգստացնում է նրան՝ ասելով, որ ինքը կշարունակի, որից հետո՝ սովորական դարձած մեթոդներով, լամպի լույսի տակ, բարեհաջող ավարտում է վիրահատությունը։
Նա վիրտուոզ վիրաբույժ է ու առաջադեմ մտածող, և հենց նրա անհատականությունն էր, որ վստահություն ներշնչեց Ռոջերին՝ ձեռնարկելու այս ծրագիրը Հայաստանում։
«Լույս հայի աչքերին նախագծի» շրջանակներում սկզբից ԱՄՆ-ից ժամանած ակնաբույժների հետ տարին երկու անգամ գիտաժողովներ էին կազմակերպվում, բայց որոշ ժամանակ անց, Մալայանի առաջարկով, որոշվում է հայ բժիշկներին ուղարկել վերապատրաստման, որովհետև ինչպես նա էր ասում՝ «մենք ավելի լավ գիտենք ինչի պակաս ունենք, և դա ավելի արդյունավետ կլինի»։
Այսպիսով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կինիկայի բժիշկները հնարավորություն են ստանում մեկ տարի խորացված և լիովին անվճար բժշկական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ում:
«Լույս հայի աչքերին նախագիծը» մոտ հիսուն տարով առաջ տարավ Հայաստանի ակնաբուժությունը։
«Լույս հայի աչքերին նախագծի» շնորհիվ Հայասատանը ներկայումս ունի բարձրակարգ ակնաբույժների թիմ, որոնք ամենևին չեն զիջում եվրոպական կամ ամերիկյան գործընկերներին, անգամ արտերկրից են գալիս նրանց մոտ բուժվելու։
Այդ բժիշկներից շատերն այսօր ղեկավարում են Ս․ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի տարբեր բաժանմունքներ, ոմանք էլ՝ նոր բաժանմունքների ղեկավարներ են, բարձրակարգ և պահանջված մասնագետներ, որոնք շարունակում են սկսած գործը։ Սա է այդ տքնաջան աշխատանքի լավագույն ցուցանիշը:
«Լույս հայի աչքերին նախագծի» առանցքային գործոններից է նաև շարժական հիվանդանոցը, որն ակնաբուժական բարձրակարգ ծառայությունների մատուցման հարցում նոր խոսք էր Հայաստանում:
Սկսած 90-ականների սկզբից առ այսօր ակնաբուժական բուժօգնության համար բոլոր պայմաններով զինված մեքենան շրջում է ՀՀ տարբեր մարզերում: Ամերիկացի ակնաբույժներն ամեն տարի Հայաստան են գալիս բժշկական առաքելությամբ՝ հույս և ակնաբուժական օգնություն բերելով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս հնարավորությունից օգտվում են հատկապես սոցիալապես անապահով խավի տարբեր տարիքի մարդիկ: Աչքի հվանդությունների կանխարգելումը և բուժումը հասանելի է դառնում այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն վճարել առողջության համար կամ նույնիսկ չեն կարող հասնել մայրաքաղաք: Թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները՝ հավասարապես օգտվում են այս հրաշալի հնարավորությունից: Ալեքսանդր Մալայանի և Ռոջեր Օհանեսյանի շնորհիվ արդիական ակնաբուժական ծառայությունները հասանելի են դառնում սոցիալապես անապահով խավի համար ողջ Հայաստանում:
«Ալեքսանդր Մալայանը կարողացել է զարգացնել ակնաբուժական գիտական ուղղությունը՝ հասցնելով միջազգային ստանդարտների, ստեղծել նորանոր գիտական, պրակտիկ ուղղություններ, որոնցով բնորոշվում է ցանկացած միաջազգային հայտնի կլինիկա»։
Քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ,
բ․ գ․ դ․, պրոֆեսոր Արթուր Շուքուրյան
«Լույս հայի աչքերին նախագծի» վառ օրինակը կարող է լինել այն հիմնաքարերից, որոնք ի զորու են զարգացնել մեր Հայրենիքի տարբեր ոլորտներ, ստեղծելով առաջընթացի նոր ուղիներ: