Հնարավո՞ ր է՝ առանց քրեական հոդվածի մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ, ԱԲ-ն անհեթեթություն է հարցս համարել. Քոչարյան

Դիմել եմ արհեստական բանականությանը հետևյալ հարցադրումով՝ հնարավո՞ր է, արդյոք, առանց քրեական հոդվածի մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ: Այս մասին իր գործով դատական նիստին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Շատ երկար աշխատելուց հետո, արհեստական բանականությունը պատասխանել է, որ դա անհեթեթություն է։ Աշխարհում չկա երկիր, որտեղ նման բան հնարավոր լինի։ Ես հարցրեցի, կարող է դա եղել է վերջին 100 տարվա ընթացքում, պատասանը ստացա, որ նման օրինակ չի հայտնաբերել: Եթե ողջամտությամբ շարժվենք, ապա այս դատական նիստին ես չպիտի գայի: Ես այստեղ գալիս էի՝ ավելի շատ բարի կամք դրսևորելով: Բայց իմ ներքին համոզմունքն այն է, որ ինչ անում եք՝ աբսուրդի մեջ է», — նշել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ որոշումից հետո, որը հակասահմանադրական էր ճանաչել մեղադրանքի հոդվածը։ Որոշումը բողոքարկվել էր, գործն անցել էր Հակակոռուպցիոն դատարան, որը ներկայումս քննում է նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։ Ինչպես ավելի վաղ իրավիճակը գնահատել էին փաստաբանները, տեղի է ունենում իրավական անհեթեթություն, երբ մարդկանց սկզբում անվանում են ամբաստանյալներ և միայն դրանից հետո սկսում քննել մեղադրանք առաջադրելու հարցը։ Այսօր, դատախազները ներկայացրել են նոր ձևակերպումները։ Այսօր նաև հայտնի է դարձել, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել՝ դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու և մոտավորապես մեկ տարվա ընթացքում տեղավորվելու հրահանգով։

«Դատարանների վրա պլան է դրված»,- նշել է երկրորդ նախագահը:

«Ոչ ոք չի կարող պլան դնել, օրենքն է ժամկետներ սահմանում», — հակադարձել է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Երկրորդ նախագահը նաև նշել է, որ գործընթացի ավարտի ժամկետները կախված են գործի ծավալներից։

Հիշեցնենք ՝ ավելի վաղ դատավորը հղում էր արել արհեստական բանականությանը՝ ներկայացնելով գործընթացի ավարտի հնարավոր ժամկետները՝ շաբաթական մեկ, երկու կամ երեք նիստ անցկացնելու պայմանով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930