«Անկարան, բնականաբար, ցանկանում է խաղաղության համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ»:
Այս մասին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրած մամուլի ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր ստորագրում:
«Այդ հարցում որոշում կայացնողը պարոն Իլհամն է, ոչ թե ես։ Բնականաբար, մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»,-հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել էին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել շարունակել աշխատանքները։
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն էր հայտնել, որ կողմերը մոտ են Խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը ևս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու Խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։