ԱՄՆ ՄԶԳ-ն 5 միլիոն դոլար կտրամադրի Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության համագործակցությունը զարգացնելու համար

Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

Սամանթա Փաուերն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաների հետ կապված հարցեր, որոնք կարող են ավելի բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը նվիրումով է մոտենում թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը՝ ցանկանալով իրականություն դարձնել դրանց հետ կապված իրենց տեսլականը», — նշեց Փաուերը՝ շնորհակալություն հայտնելով «Ամազոն» ընկերության վեբ ծառայություններին, որոնք Հայաստանին օգնում են կյանքի կոչել այդ տեսլականը։

Նա նշեց, որ Հայաստանի և Amazon Web Service-ի միջև առկա համագործակցությունն ուղղված է Հայաստանի թվայնացված համակարգերն ամրացնելուն, հանրային ծառայությունները թվայնացնելուն, ինչպես նաև դիմակայունությունը կիբեռհարձակումների նկատմամբ երկրի դիմակայունությունն ապահովելուն։

Սամանթա Փաուերի խոսքով՝ պետական ծառայությունների թվայնացումը, նախևառաջ, կպահանջի անվտանգ և հուսալի թվային համակարգեր, որոնք կարող են դիմակայել կիբեռհարձակումներին, հարգել մարդկանց անձնական կյանքն ու անձնական տվյալները։

«Ես շատ ուրախ եմ այսօր հայտարարել, որ 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորում է տրամադրվելու Amazon Web Service-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությունը զարգացնելու համար՝ նպատակ ունենալով նպաստել և առաջ մղել թվային վերափոխումը, ենթակառուցվածքը և ամպային ծառայությունները։ Հայաստանի կառավարությունը կնպաստի փորձագիտական զարգացմանը, կբերի նորարար տեխնոլոգիաներ իր քաղաքացիների համար՝ միևնույն ժամանակ պաշտպանելով նրանց անձնական տվյալները»,- ասաց Փաուերը՝ հավելելով, որ Amazon Web Service-ը Հայաստանին կօգնի արագորեն զարգացնել և թվայնացնել իր համակարգերը։ Այն նաև կտրամադրի կարևոր վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների ոլորտում, կիբեռանվտանգության ոլորտում, ինչպես նաև կօգնի Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը և պաշտպանել նրանցից, ովքեր կցանկանան վնաս հասցնել։

Ըստ Սամանթա Փաուերի՝ «Ամազոն» ընկերության և Հայաստանի միջև համագործակցությունը կօգնի ՀՀ քաղաքացիների տրամադրել հուսալի տեղեկատվություն, ինչպես նաև Կառավարության համար հիմք կստեղծի ճշգրիտ տեղեկատվությունը ծառայեցնել սեփական քաղաքացիների շահերին։

«Այս նախաձեռնությունը միջազգային գործարար համայնքի կողմից կարող է ավելի շատ հետաքրքրություն բերել դեպի Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, կստեղծի նաև նոր աշխատատեղեր, կօգնի ընտանիքներին, որպեսզի ավելի մեծ գումարներ սկսեն վաստակել»,- նշեց Փաուերը՝ հավելելով, որ այս ամենն արվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ օգնելու Հայաստանին կառուցել արդյունավետ և երկարատև ժողովրդավարություն, որը կծառայի հայ ժողովրդին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031