Սահմանադրությունը մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար, այն պետք է դառնա հասարակության կենսակերպ․ ՍԴ նախագահ

Սահմանադրությունը պետք է դառնա հայ ժողովրդի կենսակերպի մաս։ Սահմանադրությունը մեծագույն արժեք և բարիք է, և ոչ բոլոր ժողովուրդներին է բախտ վիճակվել Սահմանադրություն ունենալ։ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Հարցազրույցի ընթացքում Դիլանյանը խոսել է իր՝ շուրջ չորս տարվա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների, բացթողումների, սահմանադրական փոփոխությունների, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթի և առաջիկա ծրագրերի մասին։

— Պարոն Դիլանյան, շուրջ 4 տարի է, ինչ ընտրվել եք ՍԴ նախագահի պաշտոնում: Ստանձնելով պաշտոնը՝ ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև: Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի աշխատանքը այս տարիների ընթացքում: Ձեր կարծիքով ո՞րն է Սահմանադրական դատարանի ամենակարևոր առաքելությունը:

— Սահմանադրական դատարանի ամենակարևոր առաքելությունը շատ կոնկրետ ամրագրված է Սահմանադրության մեջ, այն է՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովումը։

Եթե մի փոքր բացեմ այս սահմանումը, ապա այդ ամենագլխավոր առաքելությունը ենթադրում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում՝ սահմանադրական արդարադատության միջոցով։ Այդ ամենը նշանակում է առհասարակ ժողովրդավարական և իրավական պետության կայացմանն աջակցություն։ Ըստ այդմ, Սահմանադրական դատարանի առաքելությունը պետության ներսում կայունության ամրապնդումն է, նաև հասարակության ներսում համերաշխությանը նպաստելն է։ Սա է Սահմանադրական դատարանի հիմնական և ամենագլխավոր առաքելությունը։

Երբ ընտրվեցի Սահմանադրական դատարանի նախագահ, այդ ժամանակահատվածը բավականին բարդ էր։ 2020 թվականի հոկտեմբեր ամիսն էր, որը ամենամեծ փորձություններով լեցուն ժամանակահատվածն էր մեր պետության և պետականության համար։ Հասարակությունը գերլարված վիճակում էր, հասարակության ներսում այդպիսի բևեռացում ես չեմ հիշում։ Այդ ժամանակահատվածում Սահմանադրական դատարանն իր գործունեությունը իրականացնում էր մեծ ճնշման պայմաններում։ Եվ Սահմանադրական դատարանի դատավորներից իրապես մեծ ջանքեր էին պահանջվում, որպեսզի կարողանանք վեր գտնվել այդ բոլոր սուբյեկտիվ և էմոցիոնալ գործոններից և լիարժեք կերպով իրականացնել մեր առաքելությունը՝ առավելագույնս դրսևորելով անկողմնակալության և անաչառության դատավորի կարևոր վարքագիծը։ Սահմանադրական դատարանին բնորոշ են եղել այն խնդիրները, որոնք առհասարակ բնորոշ են եղել պետությանը և հասարակությանն այդ ժամանակահատվածում։

Ունեցել ենք դժվարություններ, խնդիրներ այդ ժամանակահատվածում, բայց, կարծում եմ, Սահմանադրական դատարանին հաջողվել է պատվով դուրս գալ այս իրավիճակից։ Մենք այդ ժամանակահատվածում քննության ենք առել գործեր, որոնց դեպքում, եթե ՍԴ-ն մի փոքր շեղվեր իր հիմնական առաքելությունից և կոչումից, չեմ պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող էին լինել հասարակության ներսում։ Չեմ բացառում, որ ամենաբարդ հետևանքները կարող էին լինել։ Կարող եմ առանց համեստության ասել, որ այդ օրերին ՍԴ-ի դրսևորած վարքագիծը և որոշումներն ահագին նվազեցրեցին հասարակության ներսում գեներացված լարվածությունը։ ՍԴ-ն շատ մեծ դերակատարություն ունեցավ։

— Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Ըստ Ձեզ՝ այդ օրվանից մինչ այսօր ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ են արձանագրվել:

-Սահմանադրությունն ինքնին մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար։ Ուզում եմ, որ մենք սա խորապես գիտակցենք։ Սահմանադրությունը պետության անկախության և ամբողջականության ամենակարևոր երաշխիքն է։

Ինչ վերաբերվում է ձեռքբերումներին և բացթողումներին, ապա պետք է տեսնենք, թե ինչպես է զարգանում պետությունը, ինչպես են զարգանում պետություն-անհատ, պետություն-հասարակություն հարաբերությունները։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ վարքագիծ են դրսևորում պետական ինստիտուտները, քաղաքական համակարգի մյուս մասնակիցները։ Եթե տեսնենք մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն, անհատի նկատմամբ պետության դրական վերաբերմունքի պրոգրեսիվ զարգացում, պետական մարմինների սահմանադրամետ վարքագիծ, իրավական օրենքներ՝ ուղղված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանությանը, արդյունավետ մեխանիզմներ օրենքների իրականացման համար, քաղաքական համակարգի հասունություն, ապա կարձանագրենք նաև Սահմանադրության ձեռքբերումները։ Եթե մենք դրանք չտեսնենք, ապա կարձանագրենք Սահմանադրության բացթողումները։

Սա է, կարծում եմ, ամենահիմնական բանաձևը, որով պետք է բացահայտենք ձեռքբերումները և բացթողումները։

Պետք է միշտ հիշենք և սերմանենք Սահմանադրության կարևորությունը հասարակության բոլոր շերտերում։ Պետք է ձևավորենք սահմանադրական մշակույթ։ Եվ այս համատեքստում մեկ բացթողում կցանկանայի նշել, որ մեր պետության ներսում բացակայում է սահմանադրական մշակույթը։

Սահմանադրական դատարանում նկատում ենք, որ այն խնդիրները, որոնք առաջանում են պետական ինստիտուտներում, իրականում կարող էին շատ հեշտ լուծվել, եթե լիներ կամք ձևավորելու այդ խնդիրների լուծման սահմանադրական ավանդույթներ։ Իհարկե, երբ այդ խնդիրները հայտնվում են Սահմանադրական դատարանում, մենք իրավական մեկնաբանությունների միջոցով տալիս ենք լուծումները, բայց խնդիրներ կան, որոնք կարող էին առանց բարդ իրավական ընթացակարգերի սահմանադրական ավանդույթների միջոցով լուծվել, և այդ ամենը կլիներ գեղեցիկ վարքագիծ։ Եվ դա իր հերթին շատ լավ քայլ կլիներ սահմանադրական մշակույթի ձևավորման, կայուն և հարատև ժողովրդավարական ինստիտուտներ ունենալու գործում։

— 2018 թվականից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից շատ է խոսվել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Դուք այս մասով ի՞նչ դիրքորոշում ունեք, արդյոք գործող Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն կա՞:

— Շնորհակալություն հարցի համար, բայց, ցավոք, ճիշտ պաշտոնյայի չեք ընտրել այդ հարցը տալու համար։ Ես և Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր էթիկական և օրենքով նախատեսված սահմանափակում ունենք այդ հարցերին պատասխանելու համար։ Կբացեմ, թե խոսքը ինչի մասին է։ Էթիկական առումով Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար Սահմանադրությունը իդեալական փաստաթուղթ է։ Դա այն կարևորագույն փաստաթուղթն է, որի պաշտպանությանն է կոչված Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ գործ ունենք իդեալական, ինքնաբավ փաստաթղթի հետ։ Հետևաբար, ես որևէ պարագայում չեմ կարող ասել կա՞, թե՞ չկա Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն։

Որպես Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրությունը բնորոշելով որպես իդեալական փաստաթուղթ, այնուամենայնիվ, չեմ բացառում, որ Սահմանադրությունը կարող է փոփոխության ենթարկվել՝ ելնելով օբյեկտիվ անհրաժեշտությունից։ Ժողովուրդն այս առումով ազատ է, ինքն է որոշում փոխե՞լ, թե՞ չփոխել Սահմանադրությունը։ Եվ, եթե ժողովուրդը գնաց այդ ճանապարհով և համաձայնեց այդ նախաձեռնության հետ, ապա այդ գործընթացը ինչ-որ մի օր գալու է Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն այդ փոփոխությունների վերաբերյալ որոշում կկայացնի։ Եվ այդ պարագայում, եթե ես կարծիք արտահայտեմ՝ կա՞ անհրաժեշտություն Սահմանադրության փոփոխության, թե՞ ոչ, ապա ես ինքս կսահմանափակեմ այդ գործին մասնակցելու իմ իրավունքը և կկորցնեմ վստահությունն անաչառ դիտորդի մոտ։

— Շուտով կլրանա մեկ տարին, ի՞նչ Սահմանադրական դատարանում կասեցված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը: Հայտնի է, որ այդ հարցով դիմել էիք Վենետիկի հանձնաժողով և արդեն ստացել եք նրանց կարծիքը։ Ուզում էի տեղեկանալ, թե ե՞րբ ՍԴ-ն կսկսի գործի քննությունը։

— Գործը կասեցված է, բայց մի կարևոր բան եմ ուզում ասել այս առումով, որովհետև հասարակության մեջ հետաքրքրությունը շատ մեծ է այս օրենքի սահմանադրականությունը ստուգելու նկատմամբ։ Նախ գործը աննախադեպ է ծավալի և բարդության առումով։ Սահմանադրական դատարանում չի եղել այս ծավալի գործ։ Այն նաև բարդ է, որովհետև գործ ունենք լրիվ նոր ներդրված ինստիտուտի հետ, որը բավականին բազմաշերտ է։ Մենք գործը կասեցրել էինք և դիմել էինք Վենետիկի հանձնաժողով, որի գործընթացը տևեց մոտ վեց ամիս։ Մենք կարծիքը ստացանք, ուսումնասիրեցինք և վերսկսեցինք վարույթը, բայց անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել լրացուցիչ այլ փաստաթղթեր։ Եվ այդ անհրաժեշտությամբ պայմանավորված փաստաթղթեր ու տեղեկություններ ուզեցինք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մեջ ներառված բոլոր պետական մարմիններից՝ և՛ Դատախազությունից, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, և՛ մասնագիտացված դատարաններից։ Դրա արդյունքում մի հսկայածավալ փաթեթ է ձևավորվել, որը հասնում է մի քանի հազար էջի։ Ինչպես նշեցի, երբ նյութերը ուսումնասիրելու անհրաժեշտություն առաջացավ, և ՍԴ-ն պահանջեց նշված նյութերը պետական մարմիններից և նորից կասեցվեց գործի վարույթը։ Հիմա Սահմանադրական դատարանում դատավորները, զեկուցող դատավորը զբաղված են այդ նյութերի ուսումնասիրությամբ, որովհետև պետք է հասկանանք այդ փաստաթղթերի նշանակությունը գործի քննության համար։ Այդ ամենը ենթադրում է մեծ աշխատանք։ Եվ, ի վերջո, ուսումնասիրության արդյունքում պետք է հասկանանք, թե արդյոք Սահմանադրական դատարանի պահանջած ողջ նյութերն են ներկայացված և արդյոք դրանք բավարար են մեզ հուզող հարցերին պատասխան ստանալու համար։ Միայն այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո մենք կարող ենք գալ այն եզրահանգման, որ կասեցման հիմքը վերացել է, և պետք է վերսկսվի գործի վարույթը։

Ուզում եմ հատուկ շեշտել, որովհետև, գուցե, թյուր կարծիք կա հասարակությունում, որ գործի կասեցված լինելը նույն է, ինչ սառեցված լինելը։ Իրականում գործը սառեցված չէ։ Ինչպես նկատեցինք, պերմանենտ աշխատանք է կատարվում, և հենց այս պահին ստացված նյութերը ուսումնասիրվում և հետազոտվում են։

Իսկ ինչո՞ւ են այդ գործողություններն արվում կասեցման պայմաններում։ Խնդիրը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության համար շատ կոնկրետ ժամկետներ են նախատեսված։

-Ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում իրականացնել Սահմանադրական դատարանում առաջիկա տարիներին: Ի՞նչը կցանկանայիք փոխել Սահմանադրական դատարանի գործունեության մեջ:

— Առհասարակ դատարաններում բարեփոխումները մենք չպետք է նույնացնենք պետական մյուս մարմիններում կամ պետության ներսում իրականացվող բարեփոխումների հետ։ Ակնկալիքը, որ դատարաններում ինչ-որ դարակազմիկ կամ հեղափոխական բարեփոխումներ են լինում, այդպես չէ, որովհետև դատարանները իրենց էությամբ ինչ-որ առումով կոնսերվատիվ մարմիններ են։ Դատարաններում որպես այդպիսին բարեփոխումներ լինում են, բայց դրանք տեսանելի են լինում շատ ավելի ուշ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30