Ոստիկանության գեներալ Եվգենի Ժուկովը հրաժարական է տվել Ուկրաինայի ազգային ոստիկանության պարեկային ոստիկանության դեպարտամենտի պետի պաշտոնից, հայտնում է РБК-Украина-ն:
Հրաժարականի որոշումը Ժուկովն ընդունել է պարեկային ոստիկանների հետ կապված սկանդալից հետո, որոնք երեկ ժամանել էին հրաձգության վայր, սակայն կրակոցներից հետո փախել էին:
«Ես՝ որպես մարտական սպա, որոշում եմ կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում ներկայացնել։ Կարծում եմ՝ այդպես արդար կլինի»,- հրաձգության վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժուկովը։
Ժուկովը մեկնաբանել է նաև պարեկների գործողությունները հրաձգության ժամանակ։
«Նրանք վատ են կողմնորոշվել և վտանգի մեջ են թողել վիրավոր քաղաքացիական անձանց։ Շատ ամոթալի դեպք է։ Կանցկացվի ծառայողական քննություն, և բոլոր ղեկավարները պատասխանատվություն կկրեն այս արարքների համար։ Բոլոր այն ղեկավարները, որոնք այդ երկու ոստիկանների պետերն են»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ազգային ոստիկանության պետ Իվան Վիգովսկին նշել է, որ Ժուկովի համար «այլ պաշտոն կգտնեն»։
«Հնարավոր է՝ այն կապված լինի հենց պատերազմի հարցերով օգնություն ցուցաբերելու հետ»,- հստակեցրել է Ազգային ոստիկանության պետը։
Շաբաթ երեկոյան՝ ապրիլի 18-ին, կարաբինով զինված տղամարդը հրաձգություն է սկսել Կիևի Գոլոսեևյան շրջանում։ Նա փողոցում սպանել է հինգ մարդու, այնուհետև բարիկադավորվել «Վելմարտ» սուպերմարկետում։ Արդեն սուպերմարկետում հրաձիգը ևս մեկ մարդու՝ պատանդներից մեկին է սպանել։
Ոստիկանության հատուկջոկատայինները գրոհի ժամանակ ոչնչացրել են հրաձիգին։ Նա ծնունդով մոսկվացի 58-ամյա Դմիտրի Վասիլչենկովն էր։







































