ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

«ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից: Դա նշանակում է, որ այդ անձինք այս պահին ունեն երկու կենսաթոշակային հաշիվ երկու առանձին համակարգերում: Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: Եվ այս նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը»,-ասաց Արմենուհի Հարությունյանը:

ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից համարվող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:

ԼՂ–ում կենսաթոշակային կուտակային համակարգը 2019-ի հուլիսի 1-ից է ներդրվել: Գործել է Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի նմանությամբ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930