ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Կիրանց գյուղում այսօր ուղիղ եթերի ժամանակ վիրավորանքներ էր հնչեցրել Newday կայքի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ՝ նրան անվանելով «կին, որն արժանի է արա-ով խոսել», «պրովոկատոր» և այլն։ Միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ Նազարյանը ժամանել էր Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհ, որպեսզի գյուղացիներին համոզի բացել այն։ 24News-ը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով մեկնաբանել Նազարյանի պահվածքը։
֊ Պարոն Սաղաթելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր Կիրանց գյուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքագիծը, համաձա՞յն եք նրա հնչեցրած տեսակետների հետ։
֊ Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:
Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը: